Երեւանում Toyota Prado-ն ընկել է ձորը. Երեք վիրավոր կա
Օգոստոսի 10-ին, ժամը 03.44-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վիլնյուսի փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Toyota Prado» մակնիշի 68 ՏՏ 953 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1989 թ. ծնված Վ. Օ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը (մոտ 20 մ), ինչի հետեւանքով վարորդը, ուղեւորներ՝ 1987 թ. ծնված Բ. Մ.-ը եւ 1992 թ. ծնված Ռ. Գ.-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Բ. Մ.-ը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից, իսկ Վ. Օ.-ը դուրս է բերվել տեղի ուժերով:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ռ. Գ.-ին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները Ռ. Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ. Օ.-ինը եւ Բ. Մ.-ինը՝ բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: