Դավիթ Սանասարյանի երիկամներում ավազ է հայտնաբերվել

«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը, որը հուլիսի 30-ից անազատության մեջ է գտնվում՝ օգոստոսի 8-ին բժշկական հետազոտություն է անցել:
Այս մասին հայտնել է նրա փաստաբանը`Ռոբերտ Ռեւազյանը:
«Հետազոտության արդյունքները կան, նրա երիկամներում ավազ է հայտնաբերվել, նաեւ գլխացավեր ունի, անքնություն, թուլություն»,- ասել է փաստաբանը:
Փաստաբանը նշել է , որ Դավիթ Սանասարյանի բուժօգնություն ստանալու հետ կապված խնդիրներ չեն առաջանա` նա համապատասխան բուժօգնությունը կստանա քրեակատարողական հիմնարկում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը։
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին քրեական գործ էր հարուցվել հուլիսի 29-ի ուշ երեկոյան Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած դեպքերի առիթով։ Այս գործով արդեն մեղադրանք է առաջադրվել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, Անդրիաս Ղուկասյանին, Հովսեփ Խուրշուդյանին։