06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Դավիթ Սանասարյանի առողջական վիճակը վատ է. դիմում են ՀՀ գլխավոր դատախազին

«Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունը նամակով դիմել է գլխավոր Դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին եւ մի շարք ՀԿ-երի` Դավիթի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ ազատ արձակելու գործում իրենց ներդրումն ունենալու պահանջով:

«Ինչպես գիտեք, հուլիսի 30-ին ապօրինի ձերբակալված Դավիթ Սանասարյանի առողջական վիճակը գնալով վատանում է: Նա ունի երիկամների խնդիր, եւ մեզի մեջ արյան քանակը գնալով ավելանում է:

Խնդրում ենք բոլորիդ միջամտել, որպեսզի նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվի, եւ նա ազատ արձակվի, որպեսզի Դավիթը, մինչ դատական վարույթը սկսելը, կարողանա համապատասխան բժշկական հետազոտություն անցնել եւ պատշաճ բուժում ստանալ:

Փաստաբանի դիմումները մերժվել են: Խնդրում ենք Ձեզ, որպեսզի դուք այս գործում Ձեր մասնակցությունն ու միջամտությունն ունենաք:

Տեղեկացնում ենք, որ Դավիթ Սանասարյանը հուլիսի 30-ի ապօրինի ձերբակալումից մինչ օրս որեւէ բժշկական զննություն չի անցել:

Ձեզ դիմում է «Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունը` մոտ 3000 անդամներով, որը շուտով Դավիթի գործի բոլոր մանրամասներրը կուղարկի 4 միջազգային մարդու իրավունքների կազմակերպություններ:

Իսկ մինչ այդ խնդրում ենք Ձեր մասնակցությունն ու ներդրումն ունենալ այս գործում:

Խնդրում ենք կարդալ ստորեւ բերված կարեւոր ինֆորմացիան`

Միջազգային օրենքը եւ Ժնեւում գործող միջազգային փաստաբանի տեսակետը Դավիթ Սանասարյանի ապօրինի կալանքի մասին`

«Մինչդատական կալանքը պետք է դիտարկել որպես վերջին միջոց: Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին Միջազգային դաշնագրի (ՔՔԻՄԴ) հոդված 9(3)-ում, որին Հայաստանը մաս է կազմում, նշված է, որ «չպետք է համընդհանուր կանոն լինի այն, որ դատավարությանը սպասելիս անձին պետք է կալանավորվել:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն հստակորեն նշում է, որ պետք է կիրառել գրավի մեթոդը, բացառությամբ այն դեպքերի, երբ կա հավանականություն, որ մեղադրյալը կարող է դիմել փախուստի, կամ կա ռիսկ ապացույցները ոչնչացնելու կամ ազդեցություն ունենալու վկաների վրա»:

Հաշվի առնելով այն աննշան ու ոչ վտանգավոր բնույթի միջադեպը, որն անհիմն է ձերբակալության համար, պարոն Սանասարյանը պետք է ազատ արձակվի մինչեւ գործի քննությունը:

Հաշվի առնելով, որ պ-ն Սանասարյանն ունի լուրջ առողջական խնդիրներ, նրան անհրաժեշտ է անհապաղ բժշկական հետազոտություն եւ համապատասխան բուժում:

Պ-ն Սանասարյանի երկամսյա կալանավորումը միջազգային չափանիշներով պարտադրված լուրջ սահմանափակում է, լիովին անհիմն եւ անհամաչափ գործողություն` հաշվի առնելով իրական ռիսկի բացակայությունն այս գործի քննության համար:

Պ-ն Սանասարյանը քաղաքական ընդդիմադիր խմբի անդամ է` իր խաղաղ քաղաքական համոզմունքներով:

Որպես Ավագանու անդամ, լինելով համայնքի անբաժան մաս, պ-ն Սանասարյանն ունի նաեւ հանրային կարեւոր պարտականություններ:

Նրա նկատմամբ պարտադրված խափանման միջոցը նախատեսում է միջամտություն` ի պաշտպանություն նրա իրավունքի` մտքի, արտահայտման եւ գործունեության ազատության, ինչպես նշված է Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին Միջազգային դաշնագրում (ՔՔԻՄԴ)»,- ասվում է նամակում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ