28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Բաց նամակ առողջապահության նախարարին. ով է հոգալու տուժած ցուցարարների բուժման ծախսերը

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը բաց նամակով դիմել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին՝ մտահոգություն հայտնելով հուլիսի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված պայթուցիկ նյութերի եւ այլ միջոցների արդյունքում տուժած քաղաքացիների ախտորոշման եւ բուժօգնության առնչությամբ:

Նամակում նա մասնավորապես նշել է.

«Օգոստոսի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում տարբեր բժշկական կենտրոններում հանդիպել ենք դեռեւս բուժում ստացող տուժած քաղաքացիների, որոնց առնչությամբ Ձեզ ենք ներկայացնում մեր մտահոգությունները եւ ակնկալում ենք դրանց հրատապ լուծումները:

Առաջին. Վնասվածքներ ստացած քաղաքացիների վնասվածքների արձանագրում եւ ախտորոշում

Մինչ օրս տուժած քաղաքացիները եւ նրանց ընտանիքի անդամները չեն տեղեկացվել վնասվածքների վերաբերյալ եւ նրանց համապատասխան ախտորոշում չի ներկայացվել:

Այս հանգամանքը խիստ կարեւոր է նախաքննության մարմնի կողմից իրականցվող քննության ընթացքում յուրաքանչյուրի ստացած վնասների պատճառների գնահատման եւ համարժեք պատասխանատվության առաջադրման համար:

Խնդրում ենք հետեւողականություն դրսեւորել եւ ապահովել պատշաճ վերահսկողություն, որպեսզի տուժած քաղաքացիների վնասվածքները, ըստ ծանրության եւ լրջության հստակ եւ ճշգրիտ արձանագրվեն, ախտորոշվեն եւ դրանք տրամադրվեն քաղաքացիներին:

Երկրորդ. Բուժման ծախսեր

Դեռեւս բուժում ստացող քաղաքացիները եւ նրանց ընտանիքի անդամները անհանգստացած եւ մտահոգված են, քանի որ հստակ տեղեկություն չունեն, այն մասին, թե ով է հոգալու բուժման ծախսերը:

Այս առնչությամբ խնդրում ենք ապահովել, որպեսզի ոստիկանության գործողությունների հետեւանքով տուժած բոլոր քաղաքացիները ստանան անվճար բժշկական օգնություն: Այդ մասին խնդրում ենք հայտարարել բուժում ստացող քաղաքացիներին եւ նրանց ընտանիքի անդամներին:

Երրորդ. Հոգեբանական աջակցություն

Ոստիկանության գործողությունների հետեւանքով տուժած քաղաքացիների մոտ առկա է վախի եւ տագնապի զգացողություն: Այս մասին հայտարարել են նաեւ մասնագիտացված բուժօգնություն տրամադրող բժիշկները:

Ուստի դիմում ենք ձեզ՝ խնդրելով տուժած քաղաքացիների համար ապահովելու հոգեբանական մասնագիտացված օգնություն՝ վախի, տագնապի եւ այլ բարդույթների վերացման համար»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ