«Ոտքի տակ բան է պայթել, հետո զգացել է` աչքը չկա».16 ամյա Սայաթը գիտակցում է
Երեկ` ուշ երեկոյան Սարի թաղում ոստիկանական գործողությունների հետեւանքով տուժած 16-ամյա Սայաթ Հարությունյանի աչքը հեռացրել են ու տղան շատ ծանր է տանում իր հետ կատարվածը։
«Սայաթը գործով էր եկել Երևան ու ցույցերի հետ ոչ մի կապ չուներ: Երեխեն մի քանի օր հետո 17 տարեյան կդառնա: Աչքը հեռացրին, որովհետև ուշացնելու դեպքում մյուս աչքի տեսողություն վտանգելու պահ կար: Հիմա ասում են` հնարավոր է պրոթեզավորել, ուզում ենք լավատես լինել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սայաթի հորեղբայրը` Կարո Հարությունյանը։
Նա պատմեց, որ Սայաթը Վարդենիսից է եկել քույրերին տեսակցելու, որոնք Երեւանում են ապրում.
«Հետո եղբոր հետ պայմանավորված է եղել: Տանից դուրս է եկել ու տեսել, որ տրանսպորտ չկա, ոտքով քայլել է : Տեսել է, որ խառը իրավիճակ է, հետո ոտքի տակ բան է պայթել: քիչ ուշ զգացել է, որ աչքը չկա…»,-պատմեց հորեղբայրը:
Սայաթ Հարությունյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։
Կարո Հարությունյանը ընդգծում է, որ իրենց ցավը ահավոր է.«Ազգին ողջություն ու թող ոչ մի հայ չտեսնի այս ցավը»:
Նշենք, որ Սայաթ Հարությունյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Շատվան գյուղից է: