05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աշակերտի աչքը վնասած ուսուցչի գործով տուժող կողմի բողոքը մասնակիորեն բավարարվել է. ՀՔԱՎ

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 27-ին մասնակիորեն բավարարել է 2014 թ. դեկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի ավագ դպրոցում աչքը եւ աչքի տեսողությունը կորցրած 8-րդ դասարանի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանի գործով տուժող կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը: Դատարանը բեկանել է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թ․ ապրիլի 25¬-ի որոշումը՝ նյութական վնասի փոխհատուցման պահանջի մասով։

Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թ․ ապրիլի 25­ի որոշումը՝ ամբաստանյալ Հասմիկ Մարգարյանից եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունից, հօգուտ տուժող կողմի, 16․400․000 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ հասցված նյութական վնաս բռնագանձելու պահանջի մասով եւ գործն այդ մասով ուղարկեց ստորադաս դատարան՝ նոր քննության։

Ավելի վաղ Henaran.am-ը  հայտնել էր, որ 2014 թ. դեկտեմբերի 9­ին Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի ավագ դպրոցում ֆիզիկայի դասաժամին ուսուցչուհի Հասմիկ Անդրանիկի Մարգարյանի հարվածից հետո տասներեքամյա Մեսրոպ Կարենի Խաչատրյանի աչքը վնասվել է, նա կորցրել է իր տեսողությունն անդառնալի:

Ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 120­րդ հոդվածի 1­ին մասով: Դեպքի առթիվ նույն դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 120­րդ հոդվածի 1­ին մասով (Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) նախատեսված արարք կատարելու համար:

2016 թ. ապրիլի 25­ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հասմիկ Մարգարյանին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում եւ վերջինիս նկատմամբ նշանակել է պատիժ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատակի չափով տուգանքի տեսքով:

Մեսրոպ Խաչատրյանի ծնողները ամբողջ նախաքննության եւ դատաքննության ընթացքում պնդել են, որ ուսուցչուհու գործողությունները անզգուշության արդյունք չեն եղել, ուսուցչուհին դիտավորյալ է երկաթյա կախիչը հրել երեխայի ուղղությամբ, ինչի արդունքում էլ Մ. Խաչատրյանը ստացել է ծանր մարմնական վնասվածք՝ կորցնելով աչքի տեսողությունը, եւ որ քրեական գործը պետք է հարուցվեր դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար: Սակայն այս փաստը նախ՝ վարույթն իրականացնող մարմնի, ապա դատարանի կողմից անտեսվել է: Ի վերջո՝ դատարանը գտել է, որ ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար (այն էլ այն դեպքում, որ հնարավոր է, որ չվերականգնվի տեսողությունը) համարժեք պատիժ է 200.000 ՀՀ դրամ տուգանքի նշանակումը:

Համաձայն չլինելով առաջին ատյանի դատարանի որոշմանը՝ տուժող կողմը, հանձին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, փաստաբան Անի Չատինյանի, ներկայացրել է վերաքննիչ բողոք, որում հայտնել է իր դիրքորոշումն այն մասին, որ գործով օբյեկտիվ քննություն չի իրականացրել, կողմերի ցուցմունքները գնահատվել են միակողմանիորեն, տուժող կողմի ցուցմունքները դատարանը չի գնահատել՝ դրանով տուժողին դուրս թողնելով քրեական գործի վարույթից: Վերաքաննիչ քրեական դատարանում գործի քննության ընթացքում բարձրացվել է նաեւ այն հարցը, որ դպրոցի վարչակազմը, տնօրինությունը, ստանձնելով երեխայի առողջության եւ կյանքի իրավունքի պաշտպանությունը, որեւէ պատասխանատվության չի ենթարկվել՝ ստանձնած պարտավորությունների խախտման համար: Քննության առարկա չի դարձել նաեւ այն հարցը, թե ինչու էր երկաթյա ծանր կախիչ դրված մի դասասենյակում, որտեղ սովորում են անչափահասներ, քանի որ դրանից վնասվածք ստանալու հավանականությունը մեծ է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ