Բացահայտվել է զինված խմբին օժանդակող եւս մեկ խումբ. ԱԱԾ/վիդեո/
Բացահայտվել է զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող անձանց եւս մեկ խումբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ԱԱԾ-ն:
Հաղորդագրությունում ասվում է.
«ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է միջոցներ ձեռնարկել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթած խմբի կողմից 2016թ. հուլիսի 23-ին միակողմանիորեն դադարեցված բանակցային գործընթացը վերականգնելու համար: Մասնավորապես, առաջարկվել է մինչ օրս պարբերաբար բուժօգնություն ստացող զինված խմբի վիրավոր անդամներից մեկին տեղափոխել հիվանդանոց՝ նրա առողջական վիճակին համարժեք եւ պատշաճ ստացիոնար բուժումն ապահովելու համար, սակայն այդ առաջարկը զինյալների կողմից մերժվել է:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է նաեւ, որ զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքի զավթման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվել են նոր ձերբակալություններ եւ բացահայտվել է զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող անձանց եւս մեկ խումբ:
Այսպես, ստացված տվյալների համաձայն, զինված հարձակման համար անհրաժեշտ բեռնատարը դրա սեփականատեր Խ.Գ.-ից խմբի առանձին անդամները վերցրել են նրա ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով: Միաժամանակ բացահայտվել է, որ խմբի առանձին անդամներ դրդել են դրսում գտնվող իրենց հանցակիցներին, բենզինով եւ յուղով շշալցված պայթուցիկներ օգտագործելու միջոցով, ճեղքել Խորենացու փողոցի ոստիկանական շղթան եւ վերցնել իրենց կողմից հափշտակված հրազենը:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը նախազգուշացնում է, որ զինված խմբին հանցակցելու իրական մտադրություններ ունեցող այլ անձինք եւս անհատականացված են եւ ներկայումս գտնվում են իրավասու պետական մարմինների մշտադիտարկման ներքո: Նրանց հնարավոր հանցավոր գործողությունների կասեցման կամ խափանման համար ձեռնարկվում են օրինական եւ հասանելի բոլոր միջոցները:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը համոզված է, որ իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը տանող ճանապարհ դեռ կա եւ կոչ է անում զինված խմբի բոլոր անդամներին անհապաղ դադարեցնել իրենց հանցավոր գործունեությունը, ներառյալ՝ մարդկանց կյանքի, առողջության եւ գույքի դեմ ուղղված բռնարարքները, կամովին վայր դնել զենքն ու առանց դիմադրության հանձնվել իշխանություններին: Դրա համար թեեւ քիչ, բայց դեռ ժամանակ կա:
Հիշեցնում ենք, որ կատարված հանցանքի համար անխուսափելիորեն վրա հասնելիք քրեական պատժի տեսակը եւ խստության աստիճանը որոշվելու են զինված խմբի յուրաքանչյուր անդամի գործողությունների բնույթով եւ առաջացրած հետեւանքների ծանրությամբ: ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պայմանների առկայության դեպքում հանցագործությունից կամովին հրաժարված անձինք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից:
Այս կապակցությամբ հուլիսի 25-ին զինյալներին բաժանվել են գրավոր պարզաբանումներ, ինչպես նաեւ բացատրվել է նրանց կողմից պարտադիր կատարման ենթակա գործողությունների հաջորդականությունը եւ հանձվելու երթուղին»: