Էրդողանին սատարող թուրքերին Գյուլենը անվանել է «տխմարներ»
ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող իսլամի հայտնի քարոզիչ, գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթհուլլահ Գյուլենը նոր տեսաուղերձով դիմել է թուրք ժողովրդին:
Ինչպես հաղորդում է «Turkiyegazetesi» թերթի կայքը Գյուլենը թուրք ժողովրդի մի մասին տալիս է «տխմար» որակումը:
Միջանկյալ նշենք, որ թուրքական իշխանությունները Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման անհաջող փորձի կազմակերպման մեջ մեղադրում են հենց Գյուլենին:
«Կան մի հոտ տխմարներ, որ հրճվանքի մեջ են, կարծես թե հաջողության են հասել: Թող հարսանիքներ կազմակերպեն և միություններ ստեղծվեն, թող տոն հայտարարեն այդ զավեշտալի դեպքերի կապակցությամբ: Մինչդեռ դարձել են աշխարհի ծաղրանքի առարկան»:
Լրատվամիջոցը նշում է, որ Գյուլենը, ում ներկայացնում է որպես ահաբեկիչների պարագլուխ, մահվան սպառնալիք է հղել Էրդողանին՝ ասելով. «Նա էլ մյուսների նման ճամփա կբռնի դեպի «կոյուղի»:
Նշենք, որ Գյուլենը արդեն հայտարարել է, որ ինքը ոչ մի կապ չունի հուլիսի 15-ին տեղի ունեցածի հետ, սակայն իշխանությունները նրան արտահանձնելու պահանջով պաշտոնապես դիմել են ԱՄՆ-ի ղեկավարությանը: