15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

16 ձերբակալված կա.հարուցվել է քրգործ.ՔԿ

Երեւանում զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քրգործ է հարուցվել. կան ձերբակալվածներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեին:

Հաղորդագրությունում ասվում է.

«ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում ոստիկանությունից ստացվել են նյութեր՝ հուլիսի 20-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների վերաբերյալ:

Նշվում է, որ նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հուլիսի 20-ին` ժամը 22:15-ի սահմաններում, մի խումբ ցուցարարներ կատարել են անկարգություններ, որն ուղեկցվել է գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ, որի հետեւանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը:

Երեւանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կազմվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են քննիչներ տարածքային ստորաբաժանումներից։ ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է քննչական խմբին՝ ապահովել քրեական գործի նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը։

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ: Ներբեռնվել եւ ուսումնասիրվում են անկարգությունների վերաբերյալ համացանցում առկա տեսանյութերը:

Հուլիսի 21-ին` ժամը 08-ի դրությամբ, զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով բերման է ենթարկվել 28 անձ, որոնցից 16-ը ձերբակալվել է:

Քրեական գործով նախաքննությունը, ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ, շարունակվում է ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։ Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար»:

Նշենք, որ Ոստիկանությունից  հայտնել են, որ բերման է ենթարկվել 136 անձ:

Հիշեցնենք, որ նախօրեին ժամը 21.30-ի սահմաններում բախում է տեղի ունեցել Խորենացի փողոցում ոստիկանների ու ցուցարարների միջեւ:

Ոստիկանները սկսել են աղմկարար նռնակներ նետել, հատուկ միջոցներ կիրառել՝ ցուցարարներին ցրելու համար։ Իրավապահները նաեւ արցունքաբեր գազ են կիրառել։ Ժամը 02.30-ի դրությամբ, Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետեւանքով բուժհաստատություններ տեղափոխվածների թիվը 51 է, նրանցից 28-ը` ոստիկան:

Վաղ առավոտյան ժամը 4-ի սահմաններում, ոստիկանությունը սկսել է զանգվածաբար բերման ենթարկել ցուցարարներին: Քաղաքացիներից մի քանիսի նկատմամբ ուժ է կիրառվել, տուժել են նաեւ լրագրողներ: Բերման ենթարկվել նաեւ ցուցարարներ Տիգրան Մեծի պողոտայից, Նար-Դոսի փողոցից։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ եւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը: Այս պահին պատանդների թիվը 4 է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ