29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գալուստ Սահակյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստային

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 20-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային: Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ ուրախ է Հայաստանի խորհրդարանում հյուրընկալելումեր երկրի լավագույն բարեկամին, ով Ֆրեզնո քաղաքից է, որտեղ ծնվել եւ ստեղծագործել է ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանը: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի կարեւոր գործընկերներից է եւ առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում:

Խոսելով խորհրդարանական դիվանագիտության մասին՝ Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ այն կարեւոր հարթակ է միջպետական հարաբերությունների զարգացման համար եւ այս համատեքստում նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս հայ-ամերիկյան միջխորհրդարանական կապերի զարգացմանը:

Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի արդյունավետ գործունեությունը, որի անդամները մշտապես նպաստել են Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի շարունակական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը:

Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին՝ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել այն կոնգրեսականներին, ովքեր տարիներ շարունակ ջանք չեն խնայել Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության բարձրաձայնման ուղղությամբ եւ համոզմունք է հայտնել, որ այդ ջանքերն անպայման հաջողությամբ կավարտվեն:

Ջիմ Կոստան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստան այցելելը եղել է իր վաղեմի երազանքը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ նա ասել է. «Ես՝ որպես ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբի անդամ, պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկեմ եւ ջանքեր գործադրեմ, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի եւ այլեւս չլինեն ցեղասպանություններ»:Հյուրը հույս է հայտնել, որ առաջիկայում ԱՄՆ Կոնգրեսը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Ջիմ Կոստան հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի դիվանագիտական հարթությունում եւ կարեւորել է բանակցություններում Արցախի մասնակցությունը:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ նմանատիպ այցերը կլինեն շարունակական՝ ուղղված միջխորհրդարանական կապերի առավել ընդլայնմանն ու ակտիվացմանը: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայանպաստ գործունեության համար Ջիմ Կոստային պարգեւատրել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ