Կարող է ադրբեջանա-թուրքական պատվեր լինի.Մարտական խաչի ասպետը ահաբեկչության մասին
«Տեղի ունեցած գործողությունները կարծես ադրբեջանաթուրքական պատվերով լինեին: Նախորդեցին Ֆրանսիայի և Թուրքիայի ահաբեկչությունները և ամբողջ աշխարհի ուշադրությունը բևեռվեց այս երկրների վրա: Պատմության փորձը ցույց է տալիս, որ Օսմանյան կայսրությունը օգտվեց առաջի աշխարհամարտից և Ադրբեջանն էլ նման դեպքում օգտվում է ստեղծված իրավիճակից: Մենք դառը փորձը ունենք արդեն, երբ նման իրավիճակներում թուլանում է սահմանը: Այսօր, երբ հայ ժողովուրդը բազմաթիվ խնդրահարույց հարցերի առաջ է կանգնած` ստացանք հարված թիկունքից»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրականագետ, մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանակիր Վարդան Դևրիկյանը:
Դևրիկյանի գնահատմամբ այս ահաբեկչությունը պարզապես պատվերի տպավորություն է թողնում, քանի որ սրանով վտանգվում է Արցախի հարցը:
«Նման քայլերը երկիրը ետ են շպրտում: Պրակտիկորեն նաև ահաբեկչությունները երկրների համար բացասական ազդեցություն ունեն:Եթե անգամ ազնիվ մղումով են նման քայլի գնացել` սա չի հասկացվում: Ազնիվ մղումով զորամաս գրավե՞լ…նրանք պարզապես անուղեղ արարածներ են, որովհետև ուղեղ ունեցողը նման քայլ չէր անի: Սա քայլ է Հայաստանի դեմ, քանի որ եթե իշխանափոխություն էին ուզում` ընտրությունները շատ մոտ են»,-ընդգծեց Դևրիկյանը:
Դևրկյանը գտնում է, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների ուղեղները պարզապես ատելությունից մթագնել է, որը վնասեց Հայաստանին:
«Պատկերացրեք ադրբեջանական լրատվամիջոցների հրճվանքը և մեր զինվորների հոգևիճակը այս լուրը լսելուց հետո»:
«Մարդը կամ պետք է շիզոֆրենիկ լինի կամ տառապի հոգեկան այլ հիվանդությամբ, որ ասի` պատրաստ եմ կռվել մինչև վերջին փամփուշտը: Ո՞ւմ դեմ եք կռվում` այ տհաս: Այս ամենը ազդում է զինվորի վրա»,-բարկացավ Դևրկյանը:
Գրականագետը փաստում է, որ այսօր սահմանին կանգնած զինվորը ուզում է իր թիկունքում միասնական , ամուր Հայաստան զգալ:
Վարդան Դևրիկյանը հորդորում է`անարյուն և րոպե առաջ հանձնվել, որպիսի ազգի ամոթը ավելի քիչ լինի.«Եթե գնդապետի սպանությունը չլիներ` ամեն բան այլ ձև կդիտվեր: Ես զարմացա, որ կան մարդիկ ում նաև պատերազմի դաշտից գիտեմ այսօր մտավոր և բարոյական դեգրադացիա են ապրել ու մտածում են թե իրենք ազգի ճակատագիր տնօրինողների են»,-եզրափակեց Վարդան Դևրիկյանը: