Հայտնի է Թուրքիայում հեղաշրջման փորձի հեղինակը
Նախօրեին Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի հեղինակը գնդապետ Մուհարրեմ Քյոսեն է, ով վերջերս հեռացվել էր ԶՈՒ գլխավոր շտաբի խորհրդականի պաշտոնից: Այս մասին հայտնում է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը: Շարժման կազմակերպման մեջ մեղադրվում են նաև գնդապետ Մեհմեթ Օղուզ Աքքուշը, մայոր Էրքան Աղըրը, փոխգնդապետ Դողան Ույսալը:
Նշվում է, որ շարժման կազմակերպիչների խումբն, ընդհանուր առմամբ, բաղկացած է եղել զինված ուժերի 37 տարբեր պաշտոնյաներից: Վերջիններս հեղափոխությունը հաջողությամբ իրականացնելու դեպքում նախատեսել էին մասնավորապես ռազմական ոլորտի բարձրաստիճան պաշտոններում մի շարք նոր նշանակումներ իրականացնել: Հայտնի է դարձել, որ այդ նպատակով շուրջ 400 պաշտոնի համար հատուկ ցուցակ էր նախապատրաստվել: Մասնավորապես նախատեսված են եղել նոր նշանակումներ արտասահմանյան կցորդների շրջանում, ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության և օդուժի հրամանատարության ստորաբաժանումներում:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի երեկոյան Ստամբուլում և մայրաքաղաք Անկարայում սկսված ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձը հուլիսի 16-ի առավոտյան արդեն գրեթե լիովին ճնշվել է: Շարժման կազմակերպման և մասնակցության մեջ մեղադրվող հարյուրավոր զինվորականներ ու պաշտոնյաներ ձերբակալվել կամ պաշտոնաթող են արվել: Էրդողանը այս գործողությունը որակել է որպես պետական դավաճանություն և հայտարարել, որ մեղավորները ամենախիստ ձևով կպատժվեն: