Թուրքիայում ռազմական հեղափոխության փորձ է կատարվել․ կա 60 զոհ /վիդեո/
Այս գիշեր Թուրքիայում ռազմական հեղափոխության փորձ է կատարվել։ Թուրքիայի գլխավոր շտաբի զինվորականները հայտարարել են երկրում իշխանության զավթման մասին։ Մայրաքաղաք Անկարայում հրաձգություն է սկսվել, քաղաքի վրայով թռչում էին ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները, հայտնում է Ria.ru-ն։
Երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայում զինվորականները փորձում են ռազմական հեղաշրջում կատարել, ռազմական ուղղաթիռներից մեկը կրակ է բացել ազգային հետախուզական ծառայության շենքի ուղղությամբ։
Թուրքական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ կրակ է բացվել նաեւ երկրի խորհրդարանի ուղղությամբ՝ Անկարայում։ Ավիահարվածներ են իրականացվել նաեւ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նստավայրի վրա։
Պայթյուններ են տեղի ունեցել նաեւ Ստամբուլի օդանավակայանում։
Շուտով լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը լքել է երկիրն ու հեռացել, որոշ լրատվամիջոցներ էլ տեղեկացրել են, որ նա «անվտանգ վայրում է»։
Վարչապետ Բինալի Յըլդըրըմը ավելի ուշ հայտարարել է, որ հեղափոխություն իրականացնել ցանկացողները ձերբակալվել են, սակայն ականատեսները պատմել են, որ ցուցարարները դեռ շարունակում են կրակել Անկարայում եւ Ստամբուլում։
Շուտով Ստամբուլ է ժամանել նախագահ Էրդողանը, ով հայտարարել է, որ ռազմական հեղափոխության փորձ կատարողները խստորեն պատժվելու են։ Նա հայտարարել է, որ դրանք զինվորականների փոքր խումբ են եւ անպայման շատ շուտով բոլորը կձերբակալվեն։ Նա հայտարարել է նաեւ, որ չի պատրաստվում հեռանալ երկրից եւ մնալու է «իր ժողովրդի կողքին»։
«Մենք մեր բանակը կմաքրենք դավաճաններից, նրանք համարձակվել են զենք բարձրացնել ժողովրդի վրա։ Դեռ շատ ձերբակալություններ կլինեն, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականների շրջանում»,- հայտարարել է Էրդողանը։
Լրատվամիջոցները նշում են, որ մի շարք գեներալներ հեռացվել են պաշտոններից, կան հարյուրավոր ձերբակալված զինվորականներ։
Նշվում է նաեւ, որ ռազմական հեղաշրջման փորձի արդյունքում, նախնական տվյալներով, 60 զոհ կա։