«Արթիկցիների կրած վնասն ավելի շատ է, քան նրանց առաջարկվող փոխհատուցումը»
Արթիկի հեղեղումների արդյունքն այսպես անդառնալի չէր լինի, եթե ժամանակին սելավատարը պանելներով փակված չլիներ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց «Օգնենք սահմանամերձ գյուղերին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը:
«Նախկին քաղաքապետի օրոք պանելներով փակվել է սելավատարը, որպեսզի ելակ աճեցվի, ինչը ըստ տեղի բնակիչների՝ անօրինական է: Երբ սկսել է տվյալ օրվա հեղեղը, քարերը եկել, հասել են փակված հատվածին, ջրերը լցվել են ամբողջ տարածքը»,- ասաց Մաքսիմ Սարգսյանը:
Վերջինս շեշտեց՝ Արթիկում իրավիճակը սարսափելի է:
«Չկա շահագրգռվածություն աշխատանք անելու, ինչպես քաղաքապետի, այնպես էլ արթիկցիների կողմից: Ամենուր կա կողքինի ցավով չապրելու խնդիրը»,- նշեց Մաքսիմ Սարգսյանը:
Սոֆյա Հովսեփյանն էլ ավելացնում է, որ իրենք ջրհեղեղի 8-րդ օրն են գնացել Արթիկ, սակայն սկզբնական վիճակն էր, ինչ առաջին օրը:
«Մեկ մետր բարձրությամբ ջուր էր լցված եղել այդ տները, ամբողջությամբ տան պատերը քանդվել էին, դրան գումարած՝ ամբողջ գույքն էր փչացել: Այսինքն՝ ոչ մի բան չափազանցված չէ, եւ եթե փորձում են ինֆորմացիա տարածելով մարդկանց աչքերը փակել եւ ինֆորմացիան շեղել, ապա չի ստացվի», – ընդգծեց Մաքսիմ Սարգսյանը:
«Օգնենք սահմանամերձ գյուղերին» նախաձեռնության անդամ Ռիմա Սարգսյանն իր հերթին պնդեց՝ տուժած բնակիչների կրած վնասն ավելի շատ է, քան առաջարկվում է փոխհատուցել. «Վնասները երեք, չորս անգամ շատ էին, քանի որ բոլոր տուժած տներն էլ վերանորոգված, լավ վիճակում են եղել», – ասաց Ռիմա Սարգսյանը: