Բակո Սահակյանը Բելգիայում հանդիպել է ակադեմիական շրջանակներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին «Fondation Universitaire» կազմակերպությունում հանդիպում է ունեցել Բելգիայի ակադեմիական շրջանակների հետ:
Նախագահն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին ու դրանց հետեւանքներին եւ տարածաշրջանային գործընթացներին, պատասխանել բարձրացված հարցերին:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել նման հեղինակավոր հաստատությունում հանդիպման կազմակերպիչներին՝ նշելով, որ այն օգտակար եւ պահանջված է, հատկապես՝ ներկա բարդ աշխարհաքաղաքական զարգացումների ժամանակաշրջանում:
Ամփոփելով Արցախի պատվիրակության այցը Բելգիա, Բակո Սահակյանն արդյունավետ է համարել տեղի ունեցած հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները՝ նշելով, որ Արցախի համար Բելգիայի հետ փոխգործակցությունն ունի խոստումնալից հեռանկարներ եւ փոխշահավետ համագործակցության լավ նախադրյալներ: