«Զոհ կար ու ցավը խեղդելով երգում էի…»/վիդեո/
«Երգել սկսել եմ երկու տարեկանից` խոսել-սովորելուն զուհգահեռ: Մեր ընտանիքը երաժշտական ընտանիք էր: Պապիկս երգում էր աշուղական երգեր, հայրս երգում էր և ակորդեոն էր նվագում: Հայ երգարվեստը իմ մեջ մանկուց սերմանվեց ու տարիքիս հետ աճելով դարձավ իմ կենսակերպը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ժողովրդական և հայրենասիրական երգերի կատարող Հայկ Մխոյանը:
Հայկի շուրթերից ծորացող ու հորդող երգը շատերի հոգում կարոտ, շատերի հոգում էլ Արևմտյան Հայաստան գնալու տենչ է ծնում, վառում է հայ մշակույթի ու գենի անթեղված ոգեթոնիրը և մղում է… Հայկ Մխոյանի պապերը արևմտյան Հայաստանի Մուշ, Ալաշկերտ գավառներից են: Նրա հոգում դեռ տաք կարոտն է ու պապենական տան պատերի մեջ հայ երգը հնչեցնելու տենչը: Տաշիրի շրջանի Մեծավան գյուղում ծնված տղան Երևան եկավ Ջիվանու անվան դպրոցում սովորելու համար:
Տասնչորս տարեկան էր, բայց հոգում միայն պայքար ու ու սեփական մշակույթի լավագույն գոհարները աշխարհին ևս մեկ անգամ ու յուրովի մատուցելու տենդագին կիրքն էր: «2005 թվականին ընդունվեցի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ժողովրդական երգի բաժինը: Ուսանողական տարիների ընթացքում բազմաթիվ համերգներ եմ ունեցել: Հետո արդեն սեփական ջանքերիս գնով ինքս ինձ համար հնարավորություն ստեղծեցի հայ երգը ներկայացնել աշխարհի շատ երկրներում:
Բուլղարիայում մասնակցեցի միջազգային մրցույթի: 60 պետությունների շարքում մրցույթին մասնակցում էր նաև Թուրքիան: Բեմից ներկայացրեցի Կոմիտասին, խոսեցի 1906 թվականին տեղի ունեցած իրողության մասին, երբ Կոմիտասը նվաճեց ամբողջ եվրոպան ու նրա մշակութային սիրտը համարվող Փարիզը և աշխարհահռչակ դաշնակահար ու երաժշտական քննադատ Կլոդ դե Բյուսին խոնարհվեց Կոմիտասի հանճարի առաջ ու համբուրեց նրա փեշը: Բոլոր մասնակիցներիս էլ տրված էր տասնհինգ րոպե ժամանակ և պետք է երեք երգ ներկայացնեինք, իսկ ես չէի կարող այդ այդ ժամանակում ներկայացնել Կոմիտասին ու պատմեցի Կլոդ Դե Բյուսիի հետ հանդիպման պատմությունը, երբ վերջինս խոնարհվելով ասել է.«Եթե Կոմիտասը միայն Անտունին գրեր, էլի բավական էր աշխարհը նվաճելու համար»: Ինձ համար ամենակարևորը Կոմիտասը ներկայացնելն էր և արդեն երկրորդական էր, թե մրցույթում ես որ տեղը կզբաղեցնեմ»,-պատմեց Հայկ Մխոյանը: «Երբ ես խոսում էի այդ ամենը զուգահեռ թարգմանվում էր: Երբ ինձ հարցրին ինչի՞ մասին եմ երգում՝ պատմեցի իմ ներկայացրած երգերի պատությունը. Բուլղարիայում շրջանառվեց Ցեղասպանություն տերմինը: Սա իմ ցավն էր, որը չէի կարող չարտահայտել»,-հավելեց երգիչը:
Ճակատագրի կամոք Հայկ Մխոյանը քառօրյա պատերազմի օրերին Արցախում էր: Հայկը Արցախ գնաց ուրախ տրամադրությամբ՝ հայ զինվորին ոգի տալու : Պատերազմի մասին իմացավ տեղում: «Ապրիլի 1-ին, երբ գնացինք Արցախ բոլորովին ուրիշ ծրագրեր ունեյի: Ուզում էի այցելել զորամասեր, մանկատներ և ծերանոցներ: Ուզում էի բարձ տրամադրություն բերել Արցախին ու ոգեշնչել; Երբ հասա Արցախ` պատերազմը սկսվեց: Զորամասում պետք է երգեյի: Ինձ տեղեկացրել էին, որ արդեն զոհ կա, իսկ զինվորներից շատերը անտեղյակ էին ու խանդավառ: Ես իմ զայրույթն ու ցավը զսպելով որոշեցի երգել: «Ազատության գինը բյուր կյանքեր արժե» երգը քամվում էր իմ ներսից: Սա իմ կյանքի ամենավեհ ու ցավոտ օրն էր»,-ասում է երգիչը, որը ապրիլի 2-ին երգել է Մարտակերտի զորամասում:
« Ամեն մեկս մեր տեսակով զինվոր ենք ու զինվոր լինելը մեծագույն առաքելություն է: Երբ երգում էի հասկացա, որ երգի մեջ ուժ կա և պատերազմ գնացող զինվորին ոգեշնչում է այդ ուժը՝ զենքի ուժին միախառնելով երգի զորությունը, նա դառնում է անպարտելի»,-Հայկ Մխոյանը այսպիսին է և նրա երգում հար կհնչի հաղթության հիմնը: