Ինչպե՞ս եք կարողացել մեկ տարում այդքան գումար վաստակել․ Փաշինյանը՝ վարչապետին
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարց-պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարց ուղղեց՝ փորձելով հասկանալ՝ վարչապետը կոռումպացված համարո՞ւմ է Սերժ Սարգսյանին, ինքն իրեն, Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, Կառավարության ղեկավար-նախարար Դավիթ Հարությանյանին, Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին:
ՀՀ վարչապետն արձագանքեց․ «Ես չէ, որ պետք է անդրադառնամ` նրանք կոռումպացված են, թե՝ ոչ: Դուք որևէ ողջամիտ, հիմնավոր փաստ ներկայացրե՞լ եք որևէ իրավապահ կառույցի, որոնք հետամուտ չեն եղել դրանց:
Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ օդից կախված Ձեր հայտարարությունը պետք է հիմնավորեք: Ես հասկանում եմ, որ հանրությանը հաճելի է նման հայտարարություններ լսել, Դուք էլ, օգտվելով Ձեր իրավունքից, այդպիսի հայտարարություներ եք անում: Խնդրում եմ մեզ օգնեք կոռուպցիայի դեմ պայքարում, սակայն ոչ օդից կախված հայտարարություններով: Եկեք միասին գնանք առաջ և հաղթահարենք եղած բոլոր խութերը, ստուգենք դրանք: Ես կաշկանդված չեմ և եթե կան հարցեր, եկեք միասին լուծենք»:
Փաշինյանը դրական ընդունեց վարչապետի առաջարկը, ապա վերջինիս հարց ուղղեց 2006-2007 թվականների նրա հայտարարագրի մասին:
«Այդ տարվա Ձեր հայտարարագրում նշված է, որ Գյուղմթերքի իրացումից 1 միլիոն 700 հազար դոլարի եկամուտ ունեք: Սակայն 2014-ին Դուք հերքել եք հայտարարագրում Ձեր իսկ գրածը: Ինչպե՞ս եք կարողացել մեկ տարում այդքան գումար վաստակել»,- զարմացած հարցրեց Փաշինյանը։
Հովիկ Աբրահամյանը շեշտեց՝ արդեն անդրադարձել է այս հարցին, ու կրկին անգամ հիշեցրե՝ 2007-ին, ինչպես բոլոր պաշտոնյաներն, առաջին անգամ հայտարարագրել է ամողջ կյանքի ընթացքում կուտակած ունեցվածքը, այլ ոչ թե մեկ տարվա ընթացքում ունեցած վաստակը: Վարչապետն ընդգծեց՝ եթե հայտարարագրում նշվել է, որ եկամուտները ստացվել են մեկ տարվա ընթացքում, ապա դա տեխնիկական սխալ է, այսինքն՝ թյուրիմացություն: