«Պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ». ԱԺ-ում կրքերը թեժանում են
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր ռազմաարդյունաբերության համալիրի մասին հարց ուղղեց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին:
Նահապետյանը բարկացավ՝ պնդելով՝ Բագրատյանը հարց տալու համար չի հեթագրվել, ուստի իրավունք չունի հարց հնչեցնելու: Կորյուն Նահապետյանը շեշտեց՝ ովքեր չեն հերթագրվում, լրացուցիչ հերթագրվելու իրավունք չունեն:
«Եթե չի հերթագրվել, այդ կարգը պետք է չգործի: Արտոնյալ իրավունքո՞վ է նա հարց տալիս, թե՞ հերթագրվել է»:
«Ինձ նախապես զգուշացրել է պարոն Բագրատյանը: Ես եմ նիստը վարողը, ես եմ որոշում»,- ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Կորյուն Նահապետյանն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ այդ պրակտիկան չպետք է թույլ տալ:
Այն պատգամավորները, որոնք չեն հերթագրվում, չպետք է լրացուցիչ դիմեն նիստը վարողին ու արտոնյալ կարգավիճակում հարց տան: Պետք է բացառենք այդ պրակտիկան ու հետեւենք բացառապես կանոնակարգին: Ինչ վերաբերում է Ռազմաարդյունաբերական համալրին, ապա պարոն Բագրատյան, դուք որեւէ քննարկման չեք մասնակցել ու որեւէ հիմնավոր հարցադրում չեք արել: Ուղղակի օգտվել այս դահլիճի հնարավորությունից ու, առաջին անգամ չէ դա, հայտարարություններ անել, որոնք առարկայական դրսեւորումներ չունեն, ես սխալ եմ համարում: Եթե ունեք առաջարկներ, հանդես եկեք օրենսդրական նախաձեռնությամբ: Ես հիշում եմ՝ երբ քննարկում էինք այդ օրենքը, դուք եկաք վերջին պահին ու վարման կարգով մի միտք հնչեցրիք, որ ձեր ժամանակ կառույցն ավելի լավն էր»:
Հրանտ Բագրատյանն անմիջապես արձագանքեց. «Այս ինչե՞ր եք ասում. ես կարող եմ գալ, կարող եմ չգալ: Հարց եմ տվել, պատասխանեք: Լավ եմ արել, չեմ եկել, պատգամավոր եմ, իմ աշխատանքն եմ անում՝ ինչքան հնարավոր եմ համարում, անում եմ: Ձեզ հարց է տալիս մի մարդ, որ հինգ տարի ղեկավարել է այդ հանձնաժողովը»:
Ի պատասխան Կորյուն Նահապետյանն նշեց. «Ձեր արձագանքի ձեւի հետ կապված, ասեմ՝ իհարկե, շատ պատասխանատու պաշտոններ եք զբաղեցրել, ուղղակի ցավով պետք է նկատեմ, որ առավելագույնս անընդհատ շեշտում եք դա: Ես, լինելով երիտասարդ, կոչ եմ անում անընդհատ չշեշտել դա: Ինչ է՝ ձեր պաշտոնավարման տարիներին անհաջողություններ չե՞ն եղել: Պետք չէ գերագնահատել ձեր ասածը, թեեւ լավ բաներ արել եք: Մի փոքր լավատես եղեք, ու ամեն ինչ լավ կլինի»:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ Կորյուն Նահապետյանի դիտողություններին. «Յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում՝ ինչ պատասխան տա: Իսկ ԱԺ նախագահության լիազորությունների շրջանակներ մի մտեք: Եղել են ու կան պատգամավորներ, որոնք չեն հասցրել գրանցվել, այս ինչ եք ասում: Պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ: Մարդը հիվանդանոց էր գնալու, ես ո՞ր բարոյական իրավունքով կարող էի նրան իրավունք չտալ»: