Հայաստանը հաջողության է հասել ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի՝ մորից երեխային փոխանցման վերացման հարցում.ԱՀԿ
Միավորված ազգերի կազմակերպության գործակալությունները շնորհավորում են Բելառուսին, ինչպես նաև` Հայաստանին և Մոլդովային ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի՝ մորից երեխային փոխանցման վերացման կապակցությամբ:
Նյու Յորքում կայացած արարողության ընթացքում վերացումը հաստատող վկայականներ են հանձնվել ՁԻԱՀ-ի վերացման թեմայով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան խորհրդակցությանը մասնակցող այդ երեք եվրոպական երկրների առողջապահության նախարարներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից:
«Երեխաների առողջ ծնունդ ապահովել՝ նշանակում է կյանքի հնարավորինս լավ սկիզբ տալ նրանց: Չափազանց հուսադրող է տեսնել, թե ինչպես են երկրները հաջողության հասնում այս երկու հիվանդությունների՝ մորից երեխային փոխանցման վերացման հարցում», – ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Մարգարեթ Չանը (Margaret Chan):
«Սա հսկայական ձեռքբերում է. հստակ ազդանշան այլ երկրներին առ այն, որ վերացումը հնարավոր է, և որ աշխարհը գտնվում է ՁԻԱՀ-ից զերծ սերունդ ունենալու ճանապարհին»: Մինչև 2030թ. ՁԻԱՀ-ի համաճարակին վերջ տալը առողջապահության և բարեկեցության գծով Կայուն զարգացման նպատակների առանցքային թիրախներից է:
«Շնորհիվ հակառետրովիրուսային դեղամիջոցների ՄԻԱՎ-ից զերծ մեծացող յուրաքանչյուր երեխա, վկայությունն է աշխարհում մորից երեխային փոխանցվող ՁԻԱՀ-ի վերացման առաջխաղացման»,- նշել է ՄԱՁԻԱՀ (UNAIDS)-ի գործադիր տնօրեն Միշել Սիդիբեն (Michel Sidibe): «Մասնակցելով Նյու Յորքում ՁԻԱՀ-ը վերացնելու թեմայով բարձրաստիճան խորհրդակցությանը՝ ՄԻԱՎ-ին դիմակայելու հաջորդ, վճռական փուլը պլանավորելու նպատակով մենք հիմնվելու ենք այս երկրների հաջողությունների վրա՝ կարևորելով այն արտասովոր նվաճումները, որոնց կարելի է հասնել կյանք փրկող բուժման մատչելիությունը արագ ընդլայնելու միջոցով»:
Ձեռքբերումներ Հայաստանում, Բելառուսում և Մոլդովայում
2010թ.-ից Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը աշխատում է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի (ՄԱՁԻԱՀ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հետ համատեղ մորից երեխային փոխանցվող ՄԻԱՎ-ն ու սիֆիլիսը վերացնելու նպատակով:
«Սա հաջողություն է այս երկրների համար և տոն՝ երեխաների և ընտանիքների համար: Մենք ակնկալում ենք, որ այս նվաճումները կոգեշնչեն շատ այլ եվրոպական երկրների ստանձնել մորից երեխային փոխանցվող ՄԻԱՎ-ի ու սիֆիլիսի վերացման հաստատման գործընթացը»,- ավելացրեց ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի ղեկավար Ժուժաննա Ջակաբը (Zsuzsanna Jakab): ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի փոխանցման կանխարգելման, բուժման և խնամքի գործում բոլորի համար իսկապես համընդհանուր հասանելիություն ապահովելով միայն, միևնույն ժամանակ հարգելով անհատական իրավունքները, հնարավոր կլինի երեխաների շրջանում ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի համաճարակը վերացնել»:
«Տարածաշրջանում երկու տասնամյակ ինտենսիվ ջանքեր ներդնելուց հետո, հիմա մենք հաստատված ապացույց ունենք, որ հնարավոր է իրականացնել բոլոր երեխաների` առանց ՄԻԱՎ-ի ծնվելու իրավունքը: Առաջ շարժվելով այս ուղղությամբ, կարևոր է պայմաններ ստեղծել, որ երեխաները ծառայություններից օգտվելու հավասար հնարավորություն ունենան, ինչը կօգնի իրենց ապրել ու զարգանալ աջակցող ընտանեկան մթնոլորտում, ուր իրենք շրջապատված կլինեն իրենց մայրերի հոգատարությամբ», – ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի եվրոպական և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանի ղեկավար Մարի- Պիեր Պուարեն (Marie-Pierre Poirier): Կախված ազգային ջանքերի առաջխաղացումից` երկրները կարող են անցնել մորից երեխային ՄԻԱՎ-ի կամ սիֆիլիսի փոխանցման վերացումը հաստատող գործընթացը կամ երկուսը միաժամանակ: Հայաստանը, Բելառուսն ու Մոլդովան աշխատել են ապահովել մինչծննդյան անվճար ծառայությունների վաղ համընդհանուր հասանելիություն, ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի թեստավորում հղի կանանց և նրանց կողակիցների համար, թեստավորման դրական արդյունքներ ունեցող կանանց բուժում, մանուկների մոտ վաղ ախտորոշում, անվճար մանկական արհեստական սնունդ, ինչպես նաև՝ համայնքի ներգրավվածություն: Այս ծառայությունները մատուցվում են մատչելի, հավասար և համընդհանուր համակարգի շրջանակներում, որում մոր ու մանկան առողջապահական ծրագրերը միահյուսված են ՄԻԱՎ-ի և սեռական ճանապարհով տարածվող վարակների կանխարգելման ծրագրերին:
Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Բաբատունդե Օսոտիմեհինի (Dr. Babatunde Osotimehin), այս երկրների նշանավոր նվաճումները ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի մորից երեխային փոխանցումը վերացնելու հարցում ընդգծում են վստահելի մայրական առողջապահական ծառայությունների առկայության կարևորությունը: Իրավունքների վրա հիմնված սեռական և վերարտադրողական առողջապահական ծառայությունների տրամադրման ամբողջական փաթեթի շրջանակներում հղի կանանց ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի հարցում ինտեգրված օգնություն տրամադրելով միայն, այդ թվում՝ ընտանիքի պլանավորման, մենք իսկապես կկար ղանանք մայր-մանուկ զույգը փրկել և բարեկեցիկ կյանք ապահովել: Այս երեք երկրների համար վավերացման գործընթացը իրականացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱՁԻԱՀ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի համատեղ ջանքերով:
Եվրոպայի առաջընթացը ՄԻԱՎ- ի և սիֆիլիսի՝ մորից երեխային փոխանցման նվազեցման գործում
Երեխաների շրջանում ՄԻԱՎ-ով և բնածին սիֆիլիսով վարակված նոր դեպքերի թվի նվազեցումը Եվրոպայի հասած հաջողություններից մեկն է վերջին տարիների ընթացքում ՄԻԱՎ-ի և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների կանխարգելման պայքարի շրջանակներում: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում 2014 թ.-ին գրանցված մորից երեխային փոխանցումը ՄԻԱՎ-ի նոր դեպքերի ընդամենը 1% է կազմում:
ՄԻԱՎ-ով վարակված հղի կանանց և նրանց երեխաներին հակառետրովիրուսային թերապիայի հասանելիությունը ապահովելու դեպքում ՄԻԱՎ-ի՝ մորից երեխային փոխանցման ռիսկը իջնում է 45 տոկոսից 1-ի: Եվրոպայում ՄԻԱՎ-ով վարակված հղի կանանց 95 տոկոսը հակառետրովիրուսային թերապիա են ստանում: Սա համաշխարհային մակարդակով ամենաբարձր ցուցանիշն է, իսկ ՄԻԱՎ-ի դրական ցուցանիշով կանանց երեխաների 70 տոկոսը թեստավորվել են ծնվելուց հետո երկու ամսվա ընթացքում:
Հղիության ընթացքում սկրինինգն ու բուժումը էական դեր ունեն կանխարգելելու մորից մանկան սիֆիլիսի փոխանցումը, ինչը 80 տոկոս դեպքերում կարող է վիժման, ներարգանդային մահվան կամ մեռելածին դեպքերի պատճառ դառնալ: Եվրոպական երկրների 60 տոկոսը հղի կանանց առաջարկում են սիֆիլիսի թեստավորում, և տարածաշրջանի բոլոր երկրներն առաջարկում են անվճար բուժում սիֆիլիսով վարակված հղի կանանց:
ԱՀԿ-ի օժանդակությունը եվրոպական երկրներին
ԱՀԿ-ն օժանդակում է եվրոպական երկրներին մորից երեխային ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի փոխանցումը վերացնելու գործում՝ խորհուրդ տալով հակառետրովիրուսային դեղորայքի օգտագործման, ինչպես նաև՝ վերացման հաստատման գործընթացի չափորոշիչների հարցում:
2015թ.-ին երկու տարածաշրջանային խորհրդատվությունների շրջանակներում անդրադարձ է կատարվել տեղի ունեցած առաջխաղացմանը, դեռ գոյություն ունեցող խնդիրներին և քայլեր են առաջարկվել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը արագացնելու, ինչպես նաև դրանց վերացման հաստատման ուղղությամբ:
ՄԻԱՎ-ի դեմ պայքարի նոր գործողությունների ծրագրի շրջանակներում ԱՀԿ-ն մինչև 2030թ.-ը կշարունակի երկրներին աջակցել մորից երեխային ՄԻԱՎ-ի և Սիֆիլիսի փոխանցումը վերացնելու հարցում: