Փակ շուկայի տանիքի ծածկը քանդելու համար տուգանվել է 200 հազար դրամով
Երևանի Մ. Մաշտոցի պողոտա 5 հասցեում գտնվող, մշակույթի հուշարձան հանդիսացող “Երևանի թիվ 1 շուկա” ՍՊԸ-ի կառույցը վնասելու կամ ոչնչացնելու դեպքի կապակցությամբ հետաքննության արդյունքում որոշվել է քրեական գործի հարուցումը մերժել և քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Վերջին շրջանում ճարտարապետները առավել հաճախակի են դարձրել բողոքի ակցիաները` պահանջելով դադարեցնել Փակ շուկայի շինարարությունը և քրեական գործ հարուցել հուշարձան համարվող այդ շինությունն անարգողների նկատմամբ: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Միասյանը նախօրեին տեղեկացրեց, որ իրենց գրությանն ի պատասխան Դատախազությունից տեղեկացրել են, որ “հանցանք չկա”:
Շուրջ մեկ տարի առաջ` 2012թ.-ին, այն ժամանակ ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն ու մի խումբ քաղաքացիներ “Հաղորդում հանցագործության մասին” վերտառությամբ դիմում էին ներկայացրել ոստիկանություն: Քաղաքացիները ահազանգում էին, որ մայիսի 27-ին՝ ժամը 16:00-ից սկսած, իսկ 22:00-ից հետո մինչև կեսգիշեր ՀՀ օրենքների պահանջների կոպտագույն խախտմամբ քանդվել են Մաշտոցի պողոտայի “Փակ շուկա”-ի տանիքի զգալի հատվածը, կամարները:
Ըստ դիմումատուների՝ ճարտարապետական հուշարձան հանդիսացող շինության հետ որևէ շինարարական աշխատանք, միջամտություն կատարելու համար բացակայում են համապատասխան շինարարական թսւյլտվությունները, չկա հաստատված նախագիծ։
Հիշյալ դիմումի հիման վրա “Pastinfo.am”-ի ունեցած հավաստի տեղեկություների համաձայն, ոստիկանության կենտրոնականի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի “Վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողով”-ի կողմից ստացված գրության համաձայն, շուկայի տարածքի հետնամասում տանիքի ծածկի քանդման ինքնակամ աշխատանքներ իրականացնելու համար “Երևանի թիվ 1 շուկա” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Վահագն Մկրտչյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության 200.000 ՀՀ դրամի չափով։
Ոստիկանությունը նկատել է, որ իրավաբանական հանրաճանաչ սկզբունքի համաձայն, արգելվում է անձին երկրորդ անգամ պատասխանատվության ենթարկել միևնույն արարքի համար՝ Վ.Մկրտչյանն արդեն իսկ ենթարկվել է վարչական պատասխանատվության վարչական զանցանքի համար, ուստի նրա արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածով՝ Պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը, նախատեսված հանցագործության հատկանիշները։
Ոստիկանությունը հանգել է եզրակացության, որ թեև “Երևանի թիվ 1” շուկայի տարածքամ կատարվող շինարարական աշխատանքներ իրականացրած անձինք խախտել են համապատասխան շինարարական նորմատիվները, սակայն դրանցով շուկայի կառույցը կամ դրա մի հատվածը վնասելու կամ ոչնչացնելու դիտավորություն չեն ունեցել:
Նրանք տվյալ դեպքում պարտավոր չէին և չէին կարող նախատեսել իրենց գործողությունների հետևանքները, քանի որ շուկայի տարածքում իրականացված աշխատանքները նախապես հաստատվել ու համաձայնեցվել են համապատասխան կազմակերպությունների և պետական մարմինների կողմից:
Այսպես, ըստ “Լուսարբիլդ” ՍՊԸ-ի աշխղեկ Իշխան Գևորգյանի բացատրության, ՍՊԸ-ն Քաղաքապետարանի թույլտվության համաձայն շուկայի տարածքում իրականացրել է հողային քանդման աշխատանքներ։ Նշված աշխատանքների ընթացքում պահանջ է դրվել պահպանել շուկայի արտաքին տեսքը, սակայն կատարվող աշխատանքների ընթացքում շուկայի տանիքի մի մասը քանդվել է, քանի որ տարիների ընթացքում այն կոռոզիայի է ենթարկվել, ամրանները փտել են, ամեն դեպքում իրենց կողմից տանիքի և կամարների վերանորոգմանն ուղղված աշխատանքներ են ձեռնարկվում։
Ըստ ճարտարապետ Արտակ Մխիթարյանի՝ “Երևանի թիվ 1” շուկա ՍՊԸ–ի ղեկավարությունը դիմել է իրենց շուկայի շինության վերաբերյալ վերականգնման և ուժեղացման նախագիծ կազմելու խնդրանքով։ Կատարվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, այդ թվում՝ ինժեներա-երկրաբանական և տեխնիկական, կազմվել է վերականգնման և ուժեղացման էսքիզ-առաջարկ, որն էլ քննարկման համար հետագայում տրամադրվել է ՀՀ Մշակույթի նախարարությանը։ Դրական եզրակացություն ստանալուց հետո դիմել են Քաղաքապետարան՝ հողային աշխատանքների կատարման թույլտվություն և ճարտարապետա-հատակագծային առաջադրանք ստանալու նպատակով, ինչն էլ ստանալուց հետո կցվել է նախագծին։ Այնուհետև կազմվել է ուժեղացման և վերակառուցման նախագիծ։
Ստացված շինարարատեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ շուկայի տարածքում առկա են տարատեսակ գրունտներ։ Մասնավորապես, կառույցի հյուսիս-արևմտյան մասում գտնվում են կիսաժայռային և ժայռային գրունտներ՝ բազալտ, անդեզիտաբազալտ: Այսինքն՝ դրանք գտնվում են ինչպես գոյություն ունեցող՝ ներկայիս ապամոնտաժված հատվածամասի հիմքերի տակ, այնպես էլ նախագծային փաստաթղթերով քանդման ենթակա հատվածներում, որտեղ տեղազննության ժամանակ իրականացվում էին քանդման աշխատանքներ։
Փորձագետները հետաքննող մարմնին հայտնել են, որ կառույցի կոնստրուկտիվ կառուցվածքը, առկա և հարակից կոնստրուկտիվ տարրերի իրավիճակը բնորոշում է այն մասին, որ ներկայիս՝ ապամոնտաժման չափերով փլուզումը տեխնիկապես անհնարին է:
Իսկ մասնակի, առանձին հատվածների փլուզման հնարավորությունը անխուսափելի է կառույցի ներսում մեծածավալ հիմնահողի քանդման, տեղափոխման աշխատանքների և կոնստրուկտիվ միջամտության հետևանքով։ Ինչ վերաբերում է վնասվածության ծավալի պարզաբանմանը, ապա ներկայիս հետնամասի ամբողջական մակերեսի ապամոնտաժված լինելու պայմաններում, վնասված հատվածի մակերեսի հստակեցումը դառնում է անհնարին։
Ըստ հետաքննող մարմնի արձանագրման՝ կառույցի տարածքում «Լուսարբիլդ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը ցույց է տվել, որ ընկերությունը հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքի փորձ չի ունեցել՝ առանց պաշտպանիչ միջոցառումների իրականացվել է պատերի ստորին հատվածների քանդումը, որը բերել է կառույցի հետնամասի պատի անկյունային հատվածում ճաքի առաջացմանը։
Մինչդեռ, ըստ “Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական՝ միջավայրի պահպանության և օգտագործման մասին” ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի, հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացնում են մասնագիտացված կազմակերպությունները և այն մասնագետներր, որոնք ունեն համապատասխան լիցենզիա և տվյալ հուշարձանում աշխատանքներ կատարելու համար սահմանված կարգով տրված թույլտվություն։
Լիազորված մարմնի կողմից հատուկ քննարկման ենթակա է նաև տվյալ հուշարձանում աշխատանքներ կատարելու թույլտվության հարցը:
Հուշարձան հանդիսացող կսռույցի նախագծային էսքիզային առաջարկի փուլից սկսած նախագծային կազմակերպությունը, իր կողմից ներկայացված նախագծային լուծումներում պետք է հաշվի առներ կառույցի կրող տարրերին կոնստրուկտիվ միջամտությունը բացառելու, ինչպես նաև առանց կառույցի տարրերին վնաս պատճառելու, շինարարության աշխատանքների կազմակերպման հնարավոր լինելու պայմանները, միաժամանակ չանտեսելով նաև կառույցի վնասվածության աստիճանը։
Աղբյուրը` “Փաստինֆո”