Ռուսաստանն էական դեր կխաղա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում․ Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն էական դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, գրում է РИА Новости-ն։
«Ռուսաստանն անշուշտ, կարեւոր դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այստեղ մենք կօգտագործենք մեր շփումները, որպեսզի աջակցենք Ռուսաստանի կառավարությանը, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կառավարություններին` լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,-հայտարարել է նա։
Ալիեւն էլ իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանին ընդունում է որպես ռազմավարական գործընկեր, եւ ղարաբաղյան հարցի կարգավորման գործում ՌԴ-ի դերը կառուցողական է:
Ալիեւը նշել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս-քվոն անընդունելի է։