Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը
Հունիսի 2-ին Մոսկվայում մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի աշխատանքը, որին մասնակցելու համար Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք են մեկնել ՀՀ ԱԺ փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Նաիրա Զոհրաբյանը, Հովհաննես Մարգարյանը, Լեւոն Զուրաբյանը, Վոլոդյա Բադալյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Աղվան Վարդանյանը, Հայկ Բաբուխանյանը, Ռուբիկ Հակոբյանը, Տաճատ Վարդապետյանը, Ռուզաննա Մուրադյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը:
Միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի առաջին մասի օրակարգային գլխավոր թեման եղել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, որի քննարկման ընթացքում հայ խորհրդարանականները հանդես են եկել ելույթներով` բարձրացնելով զինադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված համապատասխան միջոցառումների անհետաձգելիությանը եւ վստահության մթնոլորտի ստեղծմանն առնչվող խնդիրներ, ինչպես նաեւ իրենց մտահոգություններն են փոխանցել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի կապակցությամբ:
Հայկական պատվիրակության կազմում միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցող քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Մինասյանը ներկայացրել է ռազմաքաղաքական եւ դիվանագիտական գործընթացները, որոնք տեղի են ունեցել ապրիլյան պատերազմի օրերին, խոսել դրանց պատճառների, նպատակների, ինչպես նաեւ հետեւանքների մասին` նշելով, որ հանկարծակիության գործոնը, այնուամենայնիվ, չի օգնել Ադրբեջանին առաջ շարժվել, ինչի արդյունքում էլիտար զորամիավորումների եւ զորատեսակների մեծաթիվ կորուստներ ունեցան: Քաղաքագետն իր խոսքում ընդգծել է, որ վստահության մեխանիզմները սասանված են, եւ այսօրվա խնդիրը վստահության մթնոլորտի վերականգնումն է, իսկ այստեղ առանձնապես կարեւորվում են տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական դիրքորոշումները:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի ելույթն ամբողջացրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ պարոն Գրոմիկոն, ով իր մտահոգությունն է հայտնել աննախադեպ ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ եւ կարեւորել 1994-95 թվականներին ձեռք բերված երկու համաձայնագրերը` որպես հրադադարի հիմք: Նա իր խոսքում ընդգծել է նաեւ Վիեննայի հանդիպման ժամանակ եռյակի ընդունած համատեղ հայտարարության կարեւորությունը, որտեղ նշվում է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ հիշատակվում է ձեռք բերված համաձայնությունը՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնելու եւ դիտորդների թվի մեծացման ուղղությամբ:
Ելույթներին հաջորդել է թեմայի շուրջ մտքերի փոխանակություն, որին հայկական պատվիրակությունը ակտիվորեն մասնակցել է:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը` անհրաժեշտ համարելով կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման եւ վստահության մթնոլորտի ստեղծման ապահովումը, որից հետո հնարավոր կլինի խոսել բանակցային գործընթացի վերսկսման մասին:
Հերմինե Նաղդալյանը եւս մեկ անգամ հնչեցրել է ՀՀ Նախագահի այն շեշտադրումը, թե անվտանգությունը մեր պետությունների տնտեսական զարգացման եւ բարգավաճման առանցքային հիմքն է հանդիսանում, հետեւաբար տարածաշրջանում ցանկացած լարում չի կարող բխել որեւէ երկրի շահերից, մինչդեռ ապրիլյան քառօրյա պատերազմն ապացուցեց, որ Ադրբեջանի իշխող ռեժիմն իր հանցավոր պահվածքով անտեսում է այս ամենը:
«Քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ կիրառել է իր կուտակած ողջ զինանոցը, որը ձեռք է բերել վերջին տարիներին, այդ թվում՝ Ռուսաստանից: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, եւ մենք գտնվում ենք անվտանգության միեւնույն համակարգում: Մենք բազմիցս հայտնել ենք մեր մտահոգությունն այն մասին, որ ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին հայ հասարակության վրա հոգեբանական ազդեցություն է գործում, երբ հայ սպան գիտակցում է, որ իր վրա կրակում են ռազմավարական դաշնակցից ձեռք բերված զենքով»,- իր ելույթում նշել է Հերմինե Նաղդալյանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը չի շրջանցել նաեւ միջազգային հանրության անհասցե հայտարարությունների անթույլատրելիության փաստը՝ ընդգծելով, որ դա հատկապես նկատելի եւ անթույլատրելի էր ապրիլին՝ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ժամանակ եւ դրանցից հետո:
Նիստի ընթացքում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունները՝ զինվորների եւ խաղաղ բնակիչների նկատմամբ խոշտանգումները, խաղաղ բնակավայրերի վրա հարձակումները՝ անդրադառնալով նաեւ Ադրբեջանին Ռուսաստանի կողմից ծանր զինատեսակների վաճառքին:
«Ադրբեջանի կողմից պլանավորած բլիցկրիգը տապալվեց, թեեւ ապրիլյան քառօրյա պատերազմում Ադրբեջանն օգտագործեց իր ողջ հարձակողական ռազմական զինանոցը, որը ձեռք էր բերվել նաեւ Ռուսաստանից:
Այսօր իմ երկրում կա լրջագույն մի հարց, որի վերաբերյալ մենք ուղղակի պարտավոր ենք այստեղ խոսել բաց եւ անկեղծ: Դա Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքն է, զենք, որն Ալիեւն օգտագործեց ապրիլյան պատերազմում՝ սպանելով զինվորների եւ խաղաղ բնակիչների», – իր ելույթում նշել է Նաիրա Զոհրաբյանը` անհասկանալի համարելով ռուս որոշ գործընկերների այն բացատրությունները, թե Ադրբեջանը, միեւնույն է, կարող էր նույն այդ զենքը ձեռք բերել եթե ոչ Ռուսաստանից, ապա Իսրայելից, Թուրքիայից կամ մեկ այլ երկրից:
«Դժվար է ընդունել այն միտքը, թե ոմանց համար բիզնեսը շատ ավելին է, քան ռազմավարական գործընկերությունը, եւ եթե անգամ սպանում են մարդկանց, դա ընդամենը բիզնես է եւ ոչ մի անձնական բան: Կներեք, միգուցե դա պրագմատիկ, սակայն անհասկանալի տրամաբանություն է»,- իր խոսքում նշել է Նաիրա Զոհրաբյանը:
Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի հետեւանքով հայ հասարակության մեջ հասունացած դժգոհություններն իր ելույթում փոխանցել է նաեւ ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նա, անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին, ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության սրումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը եւ հատկապես Հայաստանի բարեկամ պետությունները հասցեական եւ կոնկրետ գնահատականներ չեն հնչեցնի ադրբեջանական կողմի գործողությունների վերաբերյալ:
«Ստեղծված իրադրությունում հակամարտության արագ հանգուցալուծում հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանն առաջնորդվում է ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքով», – իր խոսքում նշել է տիկին Սարգսյանը` եւս մեկ անգամ հիշեցնելով, որ հակառակ Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դիրքորոշումը կոնֆլիկտի կարգավորման հարցում բավականին հստակ է. «Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի կարող զիջման առարկա լինել»:
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը քննարկման ընթացքում խոսել է տարածաշրջանային խնդիրներից՝ շեշտը դնելով Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա:
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խոսել է Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքների մասին` բացառելով ուժի կիրառումը եւ որպես առաջնահերթություն դիտարկելով ռազմական համագործակցության եւ դաշնակցային հարաբերությունների մակարդակի բարելավումը:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն իր խոսքում մտահոգություն է հայտնել բավական երկար ժամանակ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի պահվածքի եւ քաղաքականության վերաբերյալ հստակ գնահատականների բացակայության եւ հնչած անհասցե հայտարարությունների առիթով:
ՀՀ ԱԺ ՀՀԿ խնբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը կոչ է արել միջազգային մորատորիում կիրառել զենքի վաճառքի վերաբերյալ:
Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի առաջին մասի աշխատանքներն ամփոփել են հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանը եւ Նիկոլայ Ռիժկովը:
Նիկոլայ Ռիժկովը իր ամփոփիչ խոսքում նշել է, որ գլխավորը, այնուամենայնիվ, հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն են եւ վստահեցրել, որ բոլոր զարգացումների դեպքում Ռուսաստանը լինելու է Հայաստանի կողքին` եւս մեկ անգամ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում:
Հերմինե Նաղդալյանն իր ամփոփիչ խոսքում եւս կարեւորել է Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունները, որոնց հիմքում ուժերի հավասարակշռության պահպանումն է տարածաշրջանում եւ Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը` որպես ռազմավարական դաշնակից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:
Տեղեկացնենք, որ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի աշխատանքները կշարունակվեն հունիսի 3-ին Կազանում: