Երեւանում հայտարարվեց Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք (BSSRC) ծրագրի մեկնարկը
Ապրիլի 2-ին ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (“Ի-Դի-Էմ-Սի”) ծրագիրը և “Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրը” (AMAP) հայտարարեցին Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք (BSSRC) ծրագրի մեկնարկը: BSSRC-ն երկամյա նախաձեռնություն է, որը կոչված է խթանելու զբոսաշրջության զարգացումը, անդրսահմանային համագործակցությունը և տնտեսական զարգացումը մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի չորս երկրների՝ Հունաստանի, Թուրքիայի, Վրաստանի և Հայաստանի 173 համայնքներում:
AMAP-ի նախագահ Ռիչարդ Նայը բացատրեց, թե ինչպես է զբոսաշրջային ուղին նշվելու, պատմամշակութային և բնության որ վայրերն են ընդգրկվելու դրանում և ինչպես է առաջիկա երկու տարիներին ծրագիրն իրականացվելու Հայաստանում: Հայաստանյան ուղին 43 վայրեր է ներառելու Երևանում, ինչպես նաև Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում:
Ասուլիսին ելույթ ունեցան Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Լաուրենտիու Հրիսթեան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի հայաստանյան մասնաճյուղի (“ICOMOS-Հայաստան”) նախագահ, “Էրեբունի” թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:
Հայաստանում ծրագիրը ֆինանսավորում են Եվրամիության Սևծովյան համագործակցության ծրագիրը, ԱՄՆ ՄԶԳ-ն իր “Ի-Դի-Էմ-Սի” ծրագրի միջոցով և AMAP-ը՝ որպես ծրագրի գլխավոր իրականացնող: Ակնկալվում է, որ ծրագիրը կնպաստի գյուղական բնակավայրերի մեկուսացման նվազեցմանը և համայնքների զարգացմանը՝ զբոսաշրջային ցանցերի ստեղծման և տեղական (գյուղական) ծառայությունների ու ավանդական արտադրանքների խթանման միջոցով: