Համայնքը չի սխալվում
ՀՀ կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին հիշեցրեց մայիսի 12-ին էկոնոմիկայի նախարարությանն ու ՏՄՊՊ հանձնաժողովին տված իր հանձնարարականների մասին, որտեղ առաջարկել էր քննարկել հանրապետությունում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունը մրցակցային պայմանների վրա:
«Մեզ մոտ կայացած քննարկումների արդյունքում եզրահանգել ենք, որ սոցիալական նշանակություն ունեցող կարեւորագույն ապրանքային շուկաները՝ ինչպիսիք են շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչնի մսի, դեղորայքի, բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաները ֆորմալ առումով մենաշնորհային չեն, սակայն հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ»,- ընդգծեց վարչապետը:
Կառավարության ղեկավարը նկատեց, թե ապրանքային շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան, ինչը բերում է ռիսկերի` մրցակցության խաթարման, փոքր և միջին ձեռնարկատերերի սնանկացման, կոռուպցիայի, գների անհիմն տատանումների:
«Առաջին հերթին կսկսենք վերոնշյալ սոցիալապես կարևոր ապրանքային շուկաներից: Իհարկե, միայն դրանցով չենք սահմանափակվելու:
Հանձնարարում եմ Էկոնոմիկայի նախարարին՝ մեկամսյա ժամկետում մշակել հստակ ուղեցույցեր ներկայացված ապրանքների ներմուծման գործընթացների մանրամասն նկարագրմամբ: Դրանք պետք է ընդգրկեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, փորձաքննությունները, սերտիֆիկատները, վճարումները, ժամկետները, իրականացնող մարմինները, բողոքարկման կարգը և այլն: Ուղեցույցերը պետք է զետեղվեն Էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության, ՊԵԿ-ի, ինչպես նաև բոլոր առնչվող գերատեսչությունների կայքէջերում: Ուղեցույցերը երկամսյա ժամկետում պետք է տեղադրվեն նաև անգլերեն և ռուսերեն լեզուներով»,- ասաց Աբրահամյանը:
ՀՀ վարչապետը հանձնարարեց կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում ներդնել թեժ գծի ծառայություն: Թեժ գծին ստացված զանգերի վերահսկողությունը վերապահել վարչապետի վերահսկողական ծառայությանը, ստացված արդյունքները կհրապարակվեն: