Շարմազանովը կարեւորել է Արգենտինայի դերակատարումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում
Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:
Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Էդուարդ Շարմազանովը՝ որպես Հայաստան-Արգենտինա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար, կարեւորել է երկու երկրների խորհրդարանների, ինչպես նաեւ բարեկամական խմբերի աշխատանքը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է փոխայցերի կարեւորությունը՝ նշելով, որ Արգենտինան Լատինական Ամերիկայում առանցքային, իսկ Հայաստանի համար բարեկամական պետություն է:
ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ պետք է պահպանել ավանդական բարեկամական հարբերություններն այն երկրների հետ, որոնց եւ մեզ միավորում են քրիստոնեական ընդհանուր արժեքները, ինչպես նաեւ արգենտինահայ համայնքի առկայությունը:
Էդուարդ Շարմազանովը կարեւորել է Արգենտինայի դերակատարումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ նա նշել է. «Ցանկալի է, որ Արգենտինայի խորհրդարանն ամբողջական ընկալում ունենա մեր տարածաշրջանի վերաբերյալ եւ պատկերացում կազմի, որ Հարավային Կովկասում Ադրբեջանը լուրջ սպառնալիք է»:
Էդուարդ Շարմազանովն իր եւ բարեկամական խմբի անունից պատրաստակամություն է հայտնել ներդնել բոլոր ջանքերը՝ ի շահ երկու երկրների հարաբերությունների խորացման եւ համագործակցության զարգացման:
Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները մեծ են: Նա հավաստիացրել է, որ ռազմավարական, տնտեսական եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր Արգենտինայի իշխանությունների ուշադրության կենտրոնում են: