Հրեշտակները հատուկ կերպով են պահպանում երեխաներին
Քրիստոնյա ծնողների համար հստակ է այն, որ իրենց գորովագութ սիրո և պաշտպանության կողքին իրենց երեխաների ամենամեծ պաշտպանն ու պահապանն Արարիչ Տերն է: Ուստի դեռ փոքրուց նրանք իրենց երեխաներին սնում և մեծացնում են Երկնավոր Հոր սիրով և խոսքով, այսինքն՝ երեխաների մտավոր և ֆիզիկական ուժերի զարգացմանը զուգահեռ չեն մոռանում նաև նրանց հոգու և հոգևոր կյանքի մասին:
Նրանց համար սուրբ պարտականություն է երեխաներին քրիստոնեական ոգով դաստիարակելը՝ կրթելով նրանց որպես իրական քաղաքացիներ թե՛ երկրի և թե՛ երկնքի համար: Նրանք վստահաբար գիտեն, որ իրենց երեխայի բարի դաստիարակության իրական հիմքը դա Աստծո երկյուղն է, որն էլ, ըստ Սբ. Գրքի, իմաստության սկիզբն է (Առակներ 1:7):
Ուստի նրանք ջանադրորեն երեխայի մոտ դեռ վաղ տարիքից արթնացնում և զարգացնում են աստվածային երկյուղը՝ դաստիարակելով նրան Տիրոջ ուսուցումների և խոսքի համաձայն: Աստծո պարգևած յուրաքանչյուր մի օր նրանք փորձում են իրենց երեխայի համար իրական քրիստոնյայի լավագույն օրինակը հանդիսանալ պատվիրանները պահելու նախանձախնդրությամբ, եկեղեցի հաճախելով՝ ներշնչելով նրանց Աստծո կամքը թե՛ խոսքով և թե՛ գործով: Եվ այդ կերպ երեխայի սրտում աստիճանաբար արմատավորվում է սերը Աստծո և սրբությունների հանդեպ: Երեխան փութով յուրացնում է այն, ինչ ասում են իրեն, և ինչպես կնիքն է դրոշմվում մեղրամոմի վրա, այնպես էլ երեխաների հոգում՝ այն, ինչ լսում են:
Բարեպաշտ ընտանիքներում Աստվածաշնչի ընթերցումով են մեծացել հայոց բազում սրբեր, հայրեր, վարդապետներ, թագավորներ, իշխաններ և ուրիշներ: Մանուկների դաստիարակությունն աչքաթող չի արվել հայրերի և վարդապետների կողմից՝ Սբ. Ներսես Շնորհալի, Սբ. Գրիգոր Տաթևացի, Վարդան վարդապետ, Մխիթար Գոշ, Հովհաննես և Մովսես Երզնկացիներ: Օրինակ՝ Հովհաննեսը երեխաներին չարությունից ետ պահելու համար խորհուրդ է տալիս մանուկների միտքը սնել «ուսմամբ աստուածային օրինացն»:
Սբ. Գրիգոր Տաթևացին յոթ տարեկանից է սկսել ուսումնասիրել Սբ. Գիրքը: Տասնչորս տարեկանում Սբ. Հոգու շնորհով նա այնքան քաջատեղյակ էր Աստվածաշնչին, որ անգամ մեկնում էր այն իր հետ եկած վարդապետների համար:
Երեխային քրիստոնեաբար կրթելով՝ ծնողն ինքն է նաև նրանից սովորում՝ Քրիստոսի այս խոսքի համաձայն. «Հաստա՛տ իմացեք, որ եթե չփոխվեք ու չլինեք մանուկների նման, Երկնքի Արքայությունը չեք մտնի» (Մատթեոս 18:2):
«Մի անգամ,-պատմում է Սբ. Օգոստինոսը,-երբ դեռ մանուկ էի, որովայնիս շրջանում անտանելի ցավեր ունեցա: Մայրս մինչև հոգու խորքը անհանգստացել էր ինձ համար և ի՞նչն էր նրա անհանգստության պատճառը, վախենո՞ւմ էր որդուն կորցնել՝ բնականաբար: Բայց Դու գիտես, Տեր Աստված,- շարունակում է Սբ. Օգոստինոսը,- որ իմ մայրն առավել ուժգին ցանկանում էր ինձ ծնել հավիտենական փրկության և ոչ թե ժամանակավոր կյանքի համար: Նրա անբիծ սիրտը բաբախում էր հույսով, որ ես կմկրտվեմ՝ նոր և հավիտենական կյանքի համար»:
Սբ. Պաիսիոս Աթոսացին Աստծո կողմից երեխաների պահպանության և պաշտպանության մասին գրել է. «Պահապան Հրեշտակն Աստծո հատուկ խնամքը և Նախախնամության արտահայտությունն է Իր արարածի նկատմամբ: Հրեշտակները հատուկ կերպով են պահպանում փոքր երեխաներին: Ինչպե՜ս են պահպանում նրանց: Մի անգամ, փողոցում երկու երեխա էին խաղում: Նրանցից մեկն ուզում էր քարով մյուսի գլխին խփել ու արդեն նշան էր բռնել: Երկրորդ երեխան չէր տեսել վտանգը: Եվ ահա, վերջին ակնթարթին, հավանաբար նրա Հրեշտակն այնպես արեց, որ փոքրիկն ինչ-որ բան տեսավ, մի կողմ ցատկեց ու քարը նրա գլխի կողքով թռավ»:
Այսպիսով, աստվածահաճո կյանքով ապրող ծնողների կարևոր և սուրբ պարտականությունն է Աստծո կողմից իրենց տրված մեծագույն պարգևին՝ երեխային, մոտեցնել Պարգևատուին՝ իրենց երեխայի ամենամեծ Պաշտպանին և Պահապանին:
Կարինե Սուգիկյան
Աղբյուրը` surbzoravor.am