Մոնթեն արյուն է տվել ու փրկել ադրբեջանցի զինվորին /վիդեո/
Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանն անդրադարձավ Արգենտինայում իսպաներեն տարբերակով լույս տեսած ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գրքին: Ընդգծենք՝ գրքի վերլուծական առաջաբանը գրել է հենց Արգամ Այվազյանը:
Հայագետը նշեց՝ հեղինակը բավական ջերմ վերաբերմունք ունի հայերի նկատմամբ: Գիրքը հետաքրիր է, բայց փաստագրության առումով հակասական:
«Երբ այս աշխատանքը թարգմանվեց հայերեն, ցավոք, որևէ մասնագետի կողմից վերլուծական չգրվեց: Այս գրական ստեղծագործությունը որքան էլ դրական հատկանիշներ ունենա, քաղաքական տեսակետից հակասական է: Այս վիպակը փաստավավերագրական է: Ագուլիսի կոտորածի մասին էլ որ խոսվում է, գործող անձինք պատմական են»:
Արգամ Այվազյանն ընդգծեց՝ Աքրամ Այլիսլին չի կարողացել մինչև վերջ անկեղծ լինել. որոշ փաստեր նկարագրելիս հեղինակն աղավաղում է իրականությունը:
«Բաքվի հունվարյան ջարդերի վերաբերյալ հերոսն ասում է՝ այդ ջարդերը կազմակերպել են երևանից Ադրբեջան գնացած ադրբեջանցիները, բայց 1990 թվականի ջարդերը, որ կատարվեցին Բաքվում, պետականորեն եղան: Այդ մասին փաստեր կան: Այսինքն՝ հեղինակի գրածն իրականությանը չի համապատասխանում»:
Արգամ Այվազյանը նշեց՝ այս աղավաղումները հեղինակի՝ պատմության չիմացության արդյունքը չէ: Դա միտումնավոր է արվել, քանի որ ադրբեջանցիներն իրենք էլ քաջ գիտակցում են, թե ովքեր են եղել ջարդերի կազմակերպիչները:
Բանախոսը նշեց՝ Աքրամ Այլիսլին իր հարցազրույցներում նշում է՝ ցանկանում է, որ հայ ու ադրբեջանցի ժողովուրդների խաթարված բարեկամությունը վերականգնվի:
Արգամ Այվազյանը նշեց՝ դա հեշտ չի լինի: Ադրբեջանցիները բոլոր ժամանակներում աչքի են ընկել դաժանություններով, իսկ հայերն՝ ընդհակառակը:
«Բազմաթիվ խոսուն փաստեր կան, որոնցից թերևս ամենահայտնին այն է, որ Մոնթեն արյուն տվեց ու փրկեց ադրբեջանցի զինվորի կյանքը, իսկ դա մարդասիրական վեհ քայլ է: Մի այլ դեպքի մասին էլ հիշենք. հայ բժշկուհին փրկում է ադրբեջանցի սպայի կնոջն ու զավակին, իսկ երբ ադրբեջանցին սեղանին զարդեր է փռում, հայուհուն խնդրում է վերցնել դրանք՝ որպես վարձատրություն ու երախտիքի հավաստիք, հայ բժշկուհին ոչինչ չի վերցնում: Միայն ասում է՝ մտածե՛ք ձեր արածների մասին: Մտածե՛ք, թե քանի անմեղ մարդ է մահանում ձեր իրականացրած դաժանությունների պատճառով»: