Հայաստանի առաջին հանրապետությունը ստեղծվեց հայրենիքի փրկության համար հնչած ճակատագրական կանչով
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ մեր կարեւորագույն պետական տոներից մեկի` Հանրապետության տոնի առթիվ:
Սա այն տոնն է, որով ամրագրվեց մեր պետականության պատմությունը, պատմություն, որի մասին թեեւ խոսում ենք շուրջ 100 տարվա հեռավորությունից, սակայն այն իր հերոսականությամբ տակավին թարմ է, արդիական ու տպավորիչ:
Հայաստանի առաջին հանրապետությունը ստեղծվեց հայրենիքի փրկության համար հնչած ճակատագրական կանչով, որը բխում էր բոլորի հոգուց եւ որը միավորեց բոլորին` ի զեն հանուն երկրի, ընդդեմ երկրին սպառնացողների, ընդդեմ մեր ժողովրդի ապագան կասկածի տակ դնողների: Այդ կանչը, որի համախմբող ուժի շնորհիվ ծնվեցին մեր պատմության փառավոր` Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտ-հաղթանակները, որի շնորհիվ ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, հասել է մինչեւ մեր օրերը եւ լսելի է մեր ժողովրդի բոլոր հատվածներին` Հայաստանում, Արցախում, Սփյուռքում: Այդ կանչն ականջներում՝ հանուն հայրենիքի վերջերս կրկին հերոսացան մեր զինվորն ու սպան, այդ կանչին ականջալուր՝ վերստին նրանց միացան կամավորն ու ազատամարտիկը:
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի երրորդ հանրապետության հռչակման 25-ամյակին ընդառաջ` Հայաստանի առաջին հանրապետությունն իր կարճատեւ գոյությամբ հանդերձ ավելի է կարեւորվում պատմական նշանակության եւ պետականության փորձի առումով: Այն երեւույթ էր, որը դեռեւս արժեւորման կարիք ունի, այն իրադարձություն էր, որը բեկումնային էր, այն փորձառություն էր, որը պետություն ստեղծելու եւ կառավարելու յուրահատուկ դասընթաց էր: Առաջին հանրապետության ստեղծումից շուրջ մեկ դար անց մենք զգում ենք այն ոգին, որ Սարդարապատից, Բաշ Ապարանից, Ղարաքիլիսայից գալիս հասնում է մեզ` մեր ընտանիք ու աշխատավայր, բանակ ու սահման եւ մղում միասնական ջանքերով ու գործնական քայլերով ավելի վստահ գրելու մեր պետականության ու ժողովրդի այսօրվա եւ վաղվա պատմությունը:
Եւս մեկ անգամ շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ` բոլորիս մաղթում եմ խաղաղություն, լավատեսություն եւ հավատ առ այն, որ վաղը մենք եւ մեր սերունդներն ապրելու ենք ավելի լավ Հայաստանում` արձանագրելով ավելի մեծ հաջողություններ»: