Անլուրջ մարդու հետ գործ կունենանք. ՀՖՖ նախագահը` Վարդան Մինասյանին
”Վարդան Մինասյանն անհաջող խաղից հետո հուզված, ընկճված երեկ հրաժարական է ներկայացրել ինձ: Ես մերժել եմ, գործադիր կոմիտեն նույնպես մերժեց: Ես խնդիր էր դրել մեր առջեւ, բայց չստացվեց”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Նա Հայաստան-Չեխիա 0:3 հաշվի համար մեղավոր չի համարում գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին: ”Վարդան Մինասյանը մեղավոր չէ, որ հավաքականը երեք խաղ անընդմեջ չի կարողանում ամբողջ կազմով հանդես գալ: Վարդան Մինասյանը չի ասել, որ չի պատրաստվում խմբից դուրս գալ:
Հակառակ դեպքում ինչու ենք խաղում: Նա ճիշտ չի վարվել, որ այդպիսի բաներ է ասել, բայց նա միշտ եղել է հավասարակշռված: Բոլորիս մոտ էլ լինում են սայթաքումներ, բառերից մի կառչեք”,-հավելեց նա:
Հարցին, թե հնարավոր է, որ Մինասյանը երկրորդ անգամ էլ հրաժարական ներկայացնի, Հայրապետյանը պատասխանեց. ”Եթե Վարդան Մինասյանը մեր այս որոշումներից հետո ևս մեկ հրաժարական ներկայացնի, այդ դեպքում անլուրջ մարդու հետ գործ ունենք”:
ՀՖՖ նախագահը վստահեցրեց, որ մեր հավաքականը փոփոխություններրի կարիք չունի և նա խոստացավ, որ առաջիկայում ավելի լավ արդյունքի ականատես կլինենք և կվերականգնենք մեր հավաքականի համբավը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Հայաստան-Չեխիա հանդիպումից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՖՖ նախագահի անունով, որը, սակայն, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի ընդունել: