Ղարաբաղը` մերն է, ազատագրել ենք, ոչ թե գրավել. Թաժդին Հասանյան
Դարեր շարունակ եզդի ազգը հայերիս հետ մեկտեղ է ապրել ու արարել: Շատ հաճախ ենք արժանացել նույն բախտին և փորձություններն էլ միասին ենք հաղթահարել: Թաժդին Ղահրամանի Հասանյանը, Հայաստանի եզդի համայնքի ակտիվ ներկայացուցիչներից մեկն է, ով ապրիլյան կարճատև պատերազմի և դրան հաջորդող օրերին, իր ուժերի ներածին չափով աջակցեց կամավորականությանն ու սահմանապահների ընտանիքներին, ինչի մասին էլ այսօր մենք խոսեցինք նրա հետ:
-Ո՞րտեղ եք ծնվել և մեծացել: -Ծնվել եմ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում, մեծացել և մինչ օրս էլ ապրում եմ Մարմարաշենում: Կյանքումս, ոչ մի օր չեմ բացակայել Հայաստանից և կմեռնեմ էլ Հայաստանում:
– Ձեր գերդաստանը վաղուց է՞ այստեղ բնակություն հաստատել: – Ես ինքնս հերոսի ընտանիքից եմ` Ջհանգիր աղայի թոռնիկն եմ: Նախնիներս Արևմտյան Հայաստանից գալով Արևելյան Հայաստան, հիմնավորվել են Մարմարաշենում: Եվ մինչև այսօր էլ Մարմարաշենում ենք ապրում:
-Այս պատերազմական իրավիճակում, ի՞նչ գործունեություն էր ծավալում ձեր համայնքը: -Մենք երբեք մեր համայնքի և հայերի միջև տարբերություն չենք դրել: Միշտ միասնական ենք ու միշտ էլ միասնական կլինենք: Այս քառօրյա պատերազմի ընթացքում, մեր գերդաստանից ոչ մեկս անձամբ առաջնագծում չենք եղել, բայց ամեն ինչով փորձել ենք օգտակար լինել թիկունքին և մեր զինվորների ծնողների կողքին ենք եղել:
-Որպես Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչ, ի՞նչպես եք տեսնում Ղարաբաղի խնդրի լուծումը: -Ղարաբաղը` մերն է: Ազատագրել ենք, ոչ թե գրավել: Մերն է և մերն էլ կմնա:
-Ի՞նչ կմաղթեք ժողովրդին և մեր զինվորներին: -Թող Աշխարհում խաղաղություն լինի և ոչ մի զինվոր և ոչ մի մարդ պատերազմի միջով չանցնի: Մեր զինվորներն էլ, թող որ միշտ խաղաղ լինեն, սակայն հարկ եղած դեպքում, թող որ իրենց սուրը միշտ աջ կտրի:
Հայկ Կիսեբլյան