Մեր երկրում ներկայումս շահագործվում է 179 լուսանկարահանող արագաչափ սարք, որոնցից 102-ը տեղադրված է Երեւան քաղաքում
2015 թվականի ընթացքում տեսանկարահանող սարքեր են տեղադրվել Երեւան քաղաքի 13 խաչմերուկում եւ Երեւան մոլ առեւտրի կենտրոնի հարակից տարածքներում, հանրապետական եւ համայնքային նշանակության ավոտոմոբիլային ճանապարհներին տեղադրվել է 42 լուսանկարահանող արագաչափ սարք, որից 18-ը՝ Երեւան քաղաքում:
Այս մասին ԱԺ-ի Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկայի եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:
«Ներկայումս շահագործվում է 179 լուսանկարահանող արագաչափ սարք, որոնցից 102-ը Երեւան քաղաքում, տեսանկարահանող սարքերով վերահսկվում է Երեւան քաղաքի 114 խաչմերուկների երթեւեկությունը եւ 4 փողոցի առանձին հատվածները»,- ասաց Վարդան Եղիազարյանը:
Անդրադառնալով 2015-16 թթ-ներին ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությանը, Եղիազարյանը շեշտեց. «2016 թվականի մայիսի 15-ի դրությամբ ունենք զգալի նվազում ե՛ւ ՃՏՊ-ների, ե՛ւ դրանց հետեւանքով զոհերի ու վիրավորների կտրվածքով: 2015 թվականին եղել է 1118 ՃՏՊ, ներկայումս՝ 937, նվազումը 16.1 տոկոսով, զոհերը՝ 88-78, վիրավորները՝ 1437-1322»: