Մեզ համար անչափ թանկ ու գնահատելի է այն ուշադրությունը. Աշոտ Ղուլյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 23-ին շնորհակալական նամակներ է ուղարկել Չիլիի Պատգամավորների պալատի նախագահ Օսվալդո Անդրադեին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող թիվ 565 բանաձեւի հեղինակներ Իսսա Կորտին, Գուստավո Հասբունին, Դենիս Պասկալին, Ալդո Կորնեխոյին եւ Խորխե Սաբագին:
«Մեզ համար անչափ թանկ ու գնահատելի է այն ուշադրությունն ու ընդգծված վերաբերմունքը, որ Չիլիի Պատգամավորների պալատն արտահայտել է որպես դիրքորոշում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ հենվելով միջազգային իրավունքի նորմերի եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա:
Առանց չափազանցության, ձեր հայտարարությունը միջազգային անտարբերությունը ճեղքող այն համարձակ քայլերից է, որն ընդօրինակելի պետք է լինի միջազգային անվտանգության հարցերով շահագրգիռ բոլոր դերակատարների համար:
1991թ. իրացնելով ինքնորոշման իր իրավունքը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հռչակեց անկախություն, եւ արդեն շուրջ քառորդ դար է կառուցում ու զարգացնում է ժողովրդավարության վրա հիմնված պետականությունը: Ձեր ծանրակշիռ աջակցությունը մեզ ոգեւորում է լիահույս լինել, որ միջազգային հանրությունը կհարգի Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքը, ինչը լրացուցիչ երաշխիք կդառնա մեր ժողովրդի անվտանգության ապահովման համար եւ կնպաստի տարածաշրջանային խաղաղության եւ կայունության հաստատմանը»,- ընգծված է խորհրդարանի նախագահի շնորհակալական նամակներում: