Կառավարությունն անցնում է գործի
Չնայած հնչող թերահավատությանը, այնուհանդերձ կառավարությունը պետական համակարգի ծախսերի օպտիմալացման վերաբերյալ վարչապետի հայտարարությունից անմիջապես հետո անցել է կոնկրետ գործողությունների։ Ինչպես եւ սպասվում էր, բյուջետային միջոցները խնայելուն ուղղված առաջին նախաձեռնությունը դարձավ ծառայողական ավտոմեքենաների պարկի կրճատումը։ Այն կիրականացվի մի քանի փուլերով։
Թեեւ արդեն իսկ պարզ է, որ գործընթացը մեկնարկում է բավական ինտենսիվ քայլերով։ Առաջին փուլում կառավարությունը պատրաստվում է պետական կառավարման համակարգում կրճատել շուրջ 800 ծառայողական մեքենա։
Սկզբի համար պետությանը նման քանակությամբ տրանսպորտային միջոցների սպասարկման ծանրաբեռնվածությունից ազատելու նախաձեռնությունն անսպասելի էր շատերի համար։ Քչերը կարող էին մտածել, որ կառավարությունը միանգամից կգնա նման կտրուկ գործողությունների։ Սակայն դա տեղի ունեցավ, ինչը նշանակում է, որ սառույցը տեղից շարժվում է։ Ձեռնարկված քայլեր հիմք են տալիս ասելու, որ կառավարությունը միանգամայն վճռական է տրամադրված նախատեսվող միջոցառումներն իրականացնելու հարցում։ Ծառայողական շուրջ 800 մեքենաների կրճատումը ենթադրում է պետական ֆինանսական միջոցների բավական լուրջ տնտեսում։
Թեեւ ակնկալվում է, որ գործընթացը դրանով չի ավարտվելու։ Այն ամենայն հավանականությամբ, կշարունակվի առաջիկայում՝ հաջորդ տարվա պետական բյուջեի ձեւավորման ժամանակ։
Ըստ էության, տրվել է նաեւ միջոցառումների երկրորդ կարեւոր ուղղության մեկնարկը։ Խոսքը վերաբերում է տնտեսական միջավայրի բարելավմանը։ Դրա վկայությունն են կառավարության անցած նիստում վարչապետի հանձնարարականները՝ էկոնոմիկայի նախարարին եւ պետական եկամուտների կոմիտեի նախագահին։ Առաջինը հրահանգ ստացավ կազմել հուշաթերթ ներկրումներով զբաղվողվելու ցանկություն ունեցողների համար, որպեսզի նրանց հասկանալի եւ պարզ լինի, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ՝ այլ գերատեսչություններում արհեստական խոչընդոտների չհանդիպելու համար։
Գաղտնիք չէ, որ հավասար մրցակցային դաշտի ապահովման գործում էական նշանակություն ունեն հարկային-մաքսային մարմինները։ Այդ առումով միանգամայն արդարացված էր վարչապետի հանձնարարականը պետեկամուտների կոմիտեի ղեկավարին. «Բոլոր ներկրողների համար ստեղծել հարկային եւ մաքսային հավասար պայմաններ»։
Կասկած չկա, որ եթե հաջողվի հասնել դրան, ապա մրցակցային միջավայրը եւ տնտեսական գործունեության պայմանները Հայաստանում էապես կբարելավվեն։
Ն.ՍԱՐԳՍՅԱՆ