Քրիստոս հարյավ ի մեռելոց, իսկ ե՞ս
Զատկից հետո երեխաների մոտ՝ դասարան մտա: Նրանք գիտեն, որ հոգևորական և աստվածաբան լինելով՝ իրենց անպայման պետք է «Քրիստոս հարյավ ի մեռելոց ասեմ»-ով ողջունեմ: Եվ ահա՛ ներս մտա, սակայն միտումնավոր որոշեցի ոչինչ չասել նրանց: Ուղղակի ողջունեցի ու հարցրեցի.
– Ինչպե՞ս եք, ի՞նչ եք անում:
Եվ աշակերտներից մեկն ինձ ասաց.
– Հա՛յր, պետք է ասել «Քրիստոս հարյավ ի մեռելոց»:
– Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
– Բայց Դուք չասացիք:
– Այո՛, չասացի:
Մյուս երեխաները զարմացան, որ աշակերտն ուղղեց ինձ ու ասաց, թե ինչ է պետք ասել: Այդ պահին դուռը թակեցին և ուրիշ դասարանից մի տղա ներս մտավ, որն ուզում էր բասկետբոլի գնդակը վերցնել.
– Ներեցե՛ք, կարո՞ղ եք ձեր բասկետբոլի գնդակը մեզ տալ, մենք չունենք:
Բոլորը բղավեցին.
– Գնա՛ այստեղից: Ոչ մի գնդակ էլ չենք տա: Անցյալ անգամ էլ տվեցինք, իսկ դուք կորցրեցիք: Այլևս չենք տալիս: Հեռացի՛ր:
Խեղճ երեխան ամոթահար փակեց դուռն ու հեռացավ: Ես շրջվեցի դեպի դասարանն ու ասացի.
– Երեխանե՛ր, այս բղավոցների պատճառով մոռացաք նրան ասել այն, ինչ ինձ ասացիք:
– Ի՞նչ:
– Քրիստոս հարյավ ի մեռելոց: Պետք էր այսպես ասել. «Գնա՛ այստեղից: Քրիստոս հարյավ ի մեռելոց»:
Նրանք շշմել էին.
– Ի՞նչ նկատի ունեք:
– Այն, ինչ քիչ առաջ դուք ունեիք: Դուք ինձ նկատողություն արեցիք (և ճիշտ վարվեցիք), երբ դասարան մտա, որ պետք է «Քրիստոս հարյավ ի մեռելոց»-ով ողջունեի ձեզ: Բայց «Քրիստոս հարյավ»-ն այնքան ուժեղ արտահայտություն է, այնքան զորեղ իրականություն, որ միայն ասելը բավարար չէ, պետք է այն կյանքի կոչես քո առօրյայում, ապրումներում, վերածնված մտքում, վերափոխված սրտում, կյանքի բոլոր պարագաներում: Դուք հեշտորեն ասում եք «Քրիստոս հարյավ», բայց «Գնդակը չենք տա», «Քրիստոս հարյավ», բայց «Դուռը փակի՛ր ու մեզ հանգի՛ստ թող»:
Քրիստոս հարյավ նշանակում է, որ ես Նրա հետ հարություն եմ առնում: Հակառակ դեպքում դա ինձ հիշեցնում է այն, ինչ մի երիտասարդ ասաց, երբ դեռ լիցեյում էի սովորում: Այն ժամանակ ես փոքր էի, և նա իհարկե դա հեգնանքով ասաց.
– Քրիստոս հարյավ: Իսկ դա ինձ ի՞նչ է ասում:
Նա հարյավ, իսկ ե՞ս: Իսկ դո՞ւ: Իսկ մե՞նք: Դա ի՞նչ է նշանակում մեր կյանքում՝ այստեղ և այս պահին: Ընդհանրապես ազդո՞ւմ է այն իրականության վրա, որում ապրում եմ:
Օրինակ՝ զարմիկները, որոնք այնքան հյուրասեր են, գնում են միմյանց տուն, բացում են դուռն ու ասում.
– Բարև ձեզ: Քրիստոս հարյավ ի մեռելոց: Նստե՛ք խնդրեմ, եկեք սուրճ խմենք, խոսենք:
Նստում են ու քննարկում, թե դատարանում ինչ են ասելու իրենց գործի վերաբերյալ, պայմանավորվում են, թե ինչպես պետք է իրենց մյուս ազգականին մեղադրեն՝ ունեցվածքի բաժանման հետ կապված հարցով: Քննարկում են, թե ինչ պիտի ասեն, ինչպես համաձայնության գան միմյանց հետ: Ժամանակն անցնում է, վերջապես համաձայնության են գալիս ու.
– Դե առայժմ, դատարանում կտեսնվենք: Չմոռանաս այն մանրամասների մասին, որ ասացի, շատ կարևոր է: Դե լավ մնա: Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Քրիստոս հարյավ, բայց դու այդ բառերը լուծարում ես քո կյանքում: Ստեղնաշարի վրա «Cancel», «Delete» կոճակներն ես սեղմում: Բառերով ասում ես «Քրիստոս հարյավ», իսկ քո կյանքում դեռ ոչինչ հարություն չի առել: Թուլություններիս, կրքերիս, արատներիս, եսասիրությանս դագաղները դեռ ապրում ու գարշահոտում են իմ մեջ:
Ահա՛ ցանկալի նպատակը՝ Քրիստոս իմ, ինչպե՞ս պիտի հառնի իմ կյանքը: Սա եմ աղերսում Աստծուն և այժմ ոչ թե որպես քո ուսուցիչ եմ ելույթ ունենում, այլ ուղղակի ասում եմ, որ ուշադիր լինես, թե ինչ ես խոսում:
Հիշո՞ւմ ես, թե Հին Կտակարանում ինչ է ասվում. «Քո Տեր Աստծու անունը զուր տեղը չարտասանես» (Երկր. Օր. 5:11): Եվ քո շուրթերից հնչում են այդ սուրբ խոսքերը, իսկ գործնականում լուծարում ես դրանք:
Մի անգամ մի քրիստոնյայի զանգահարեցի՝ իմանալով, որ ֆինանսական հնարավորությունների տեր մարդ է:
– Քրիստոս հարյավ ի մեռելոց:
– Օրհնյալ է հարությունը Քրիստոսի,- պատասխանեց նա:
Հրաշալի է, որ գիտես դա և ասում ես, ճիշտ ես վարվում:
– Գիտես, մի աղքատ ընտանիք կա, որ օգնության կարիք ունի:
– Է՜հ, Հա՛յր, ի՞նչ կարող ենք անել: Հիմա տնտեսական ճգնաժամ է, շուրջբոլորը խնդիրներ են: Աղոթում եմ, որ նրանց խնդիրը լուծվի: Ի՞նչ արած, օգնել չեմ կարող: Հաջորդ անգամ կխոսենք: Քրիստոս հարյավ ի մեռելոց, Հա՛յր:
– Օրհնյալ է հարությունը Քրիստոսի: Հաջողություն:
«Քրիստոս հարյավ», բայց դու դեռևս արծաթասեր ես, ժլատ, դեռ բարդ մարդ ես, սիրտդ դեռ փակ է: Դու հարություն չես առել: Արծաթասիրությունն ու եսասիրությունը դեռ կենդանի են, դրանք չեն էլ մահացել:
Աղբյուրը` surbzoravor.am