23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայոց ցեղասպանության 100-ամյակի ռազմավարության մշակման համար փորձագետները հավաքվել էին Երեւանում

Հայոց ցեղասպանության ավելի քան քառասուն մասնագետներ աշխարհի ինը երկրներից մարտի 22-23-ին հավաքվել էին Երեւանում, որպեսզի ռազմավարություն մշակեին, թե ինչպես գտնել իրավական հիմնավորումներ ցեղասպանության հետեւանքները վերացնելու համար, հակազդել թուրքական ժխտողականությանը եւ կազմակերպել ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրեր ու թանգարանային ցուցադրություններ: Գիտաժողովը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը գիտաժողովին հղած իր ուղերձում ափսոսանք էր հայտնել, որ Հայոց ցեղասպանության անպատիժ մնալը ճանապարհ էր հարթել հրեական Հոլոքոստի համար: Նա հույս էր հայտնել, որ Ցեղասպանության հարյուրամյակն առիթ կհանդիսանա ի ցույց դնել հայերի միասնականությունն ու հաստատակամությունը ցեղասպանության հետեւանքների վերացման հարցում, ապահովել արդարության վերականգնում եւ հաջորդ սերունդներին փոխանցել պայքարի ու մաքառման նոր եղանակներ: Նախագահը ողջունել էր այն փաստը, որ թուրք հասարակության առավել գիտակից տարրերը քանդում են լռության ու ժխտողականության պատը եւ քննադատաբար մոտենում իրենց երկրի մերժողական քաղաքականությանը: Նախագահը գիտաժողովի մասնակիցներին հորդորել էր առաջարկություններ ներկայացնել Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին:

 

Ստորեւ ամփոփ ներկայացնում ենք վերոնշյալ գիտաժողովին մասնակցած փորձագետների մեկնաբանությունները.

 

Իսրայելցի գիտնական Յաիր Աուրոն քննադատեց Իսրայելի պետությանը Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար, մատնանշելով, սակայն, որ Իսրայելի հասարակության մի ստվար զանգված ընդունում է այն: Հոլոքոստի ժամանակ նույն ողբերգական ճակատագրին արժանանալով, Իսրայելը պետք է լիներ Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին պետությունը, ասաց պրոֆ. Աուրոն:

 

Լոս Անջելեսից պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը Պետական հանձնաժողովին կոչ արեց ձեռնարկել գեղարվեստական եւ մշակութային միջոցառումներ, քան ակադեմիական գիտաժողովներ՝ ավելի շատ մարդկանց գրավելու համար ամբողջ աշխարհում: Նա առաջարկեց ստեղծել համահայկական ֆիլհարմոնիկ նվագախումբ, որը կշրջի աշխարհով մեկ 2015 թվականի Ապրիլի 24-ից առաջ: Նա նաեւ մտահոգություն հայտնեց, որ թուրքական կառավարությունն ավելի լավ է նախապատրաստվում Հարյուրամյակի միջոցառումների հակազդմանը, քան հայերը՝ դրանց ձեռնարկմանը:

 

Պետական հանձնաժողովի քարտուղար եւ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը գիտաժողովի մասնակիցներին ներկայացրեց թանգարանի ընդարձակման ծրագրերը մինչեւ 2015 թվականը:

 

Նյու Յորքից պրոֆ. Տատրյանը մեկնաբանեց, որ երբ ուրացող պետությունը թույլ է, այն ավելի հեշտությամբ է ընդունում իր ոճիրները: Քանի դեռ Թուրքիան շարունակում է մնալ ուժեղ երկիր, այն չի ընդունի Հայոց ցեղասպանությունը, նկատեց Տատրյանը:

 

Սիրիայի Հալեպ քաղաքից գիտաշխատող Միհրան Մինասյանն առաջարկեց, որ հիշատակման միջոցառումները դիտարկվեն հույների եւ ասորիների հետ միասին: Նա նշեց, որ թուրք ուրացողները չեն մեղադրում այս երկու էթնիկ խմբերի անդամներին ռուսական բանակին միանալու կամ զինված խմբեր ձեւավորելու համար, սակայն նրանք եւս զանգվածային բռնության եւ ցեղասպանության զոհեր դարձան:

 

Երեւանից պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանը բացատրեց, որ հակառակ տարածված կարծիքի, Օսմանյան կայսրությունը եւ ոչ թե Ուրուգվայն է եղել առաջին պետությունը, որը դատավճիռներով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1919-1926 թվականներին: Ուրուգվայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1965 թվականին:

 

Հայաստանի Սահմանադրական դատարանի միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հայեցակարգն առաջին անգամ օգտագործվել է 1915 թվականի մայիսի 24-ին՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի կողմից հրապարակված համատեղ հռչակագրում՝ թուրքական իշխանությանը նախազգուշացնելով, որ նրանք պատասխանատվություն են կրելու հայկական ջարդերի համար: Նույն կերպ, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Նյուրնբերգյան դատարանը պատերազմի նացիստական հանցագործներին մեղադրեց Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, այլ ոչ թե ցեղասպանության իրագործման համար: Վարդանյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետությունում ստեղծել մշտապես գործող պետական մարմին՝ իրավական հիմնավորումների հետազոտության եւ մշակման ուղղությամբ՝ Հայոց ցեղասպանության հետ կապված պահանջները Թուրքիայից միջազգային դատարաններում հետապնդելու համար:

 

Ստամբուլից նշանավոր թուրք իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն, որը հաճախ է բանտարկվել Հայոց ցեղասպանության մասին գրքեր հրատարակելու համար, խոսեց “Թուրքիայում աճող ժխտողական արտադրության մասին”: Նա միտք հայտնեց, որ ժխտողականությունը խրախուսում է ահաբեկչությունը Թուրքիայում:

 

Որպես ցեղասպանության գիտաժողովի մասնակից, իմ ելույթն ավելի “արդարության հետապնդման” մասին էր եւ ոչ թե “ցեղասպանության ճանաչման”, որն արդեն հաջողությամբ իրագործել ենք: Արդարության հայեցակարգը ընդգրկում է հայ ժողովրդի բոլոր պահանջները Թուրքիայից՝ բարոյական, ֆինանսական հատուցում եւ տարածքների վերադարձ:

 

Ես նաեւ առաջարկեցի, որ Ցեղասպանության հարյուրամյակի առթիվ որեւէ հատուկ միջոցառում ձեռնարկելուց առաջ, նախ հանդես գալ միասնական պատգամով եւ նպատակներով:  Այլապես, մենք կարող ենք խառը ուղերձներ հղել Թուրքիային ու միջազգային հանրությանը՝ չհստակեցնելով, թե իրականում ինչ ենք ցանկանում եւ ձգտում իրագործել 2015 թվականի Ապրիլի 24-ին:

 

Ի վերջո, հայկական պահանջատիրությունը 2015 թվականին չի ավարտվում: Հայերը պետք է համառորեն հետամուտ լինեն Թուրքիայից իրենց արդար պահանջներին՝ մինչեւ Հայ դատի “արդարության” իրագործումը:

 

 

Հարութ Սասունյան`

 

“Կալիֆորնիա Կուրիեր” թերթի հրատարակիչ եւ խմբագիր

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ