Հայկական ճարտարապետությանը նվիրված ցուցահանդես է տեղի ունեցել Բելգրադում
Մարտի 21-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցավ հայտնի լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի լուսանկարների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Ցուցադրության կազմակերպիչներն են Սերբիայում ՀՀ պատվավոր հյուպատոսությունը եւ Սերբիայի հայկական միությունը` Աթենքում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
Բելգրադի “Ռուսական տան” մեծ դահլիճում անցկացվող հայկական ճարտարապետությանը նվիրված ցուցահանդեսը կրում է “Հայաստան` բիբլիական երկիր Արարատի ներքո” խորագիրը:
Բազմամարդ հանդիսությանը ներկա էին երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, Սերբիայի արտաքին գործերի նախարարության, մշակութային ու հասարակական կազմակերպությունների, գիտության, մշակույթի եւ արվեստի, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ, գործարարներ ու լրագրողներ:
Ողջույնի խոսքով հանդես եկան Սերբիայի հայկական միության նախագահ Սամվել Այվազյանը եւ “Ռուսական տան” տնօրեն Միխայիլ Դենիսովը: ՀՀ պատվավոր հյուպատոս Պրեդրագ Տոմիչը ընթերցեց ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանի ուղերձը: Ելույթով ներկաներին դիմեց հեղինակը` Զավեն Սարգսյանը: Բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչն ընթերցեց Հայաստանին նվիրված բանաստեղծություններ:
Միջոցառումը լայն արձագանք գտավ սերբական ԶԼՄ-ներում: Կենտրոնական “ՌՏՍ”, ինչպես նաեւ “Ստուդիո-Բ” եւ “Փինք” հեռուստաալիքները ցուցադրեցին տեսանյութեր բացման արարողության վերաբերյալ` Հայաստանի, հեղինակի ու լուսանկարների մասին մանրամասներով: Ցուցահանդեսին անդրադարձավ նաեւ Սերբիայի տպագիր մամուլը, մասնավորապես` երկրի առաջատար թերթերից “Պոլիտիկա” օրաթերթը: