Ինչո՞ւ վարչապետը չանդրադարձավ Միհրան Պողոսյանին.գործնական քայլեր են ակնկալվում
«Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտնի ելույթից սպասում ենք գործնական քայլեր, որում տեղ կունենան նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց առաջակներով: Ցանկանում ենք հավատալ, որ սա չի լինի ուղղակի հայտարարություն, և կլինեն հստակ գործնական քայլեր»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ նկատեց Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:
Հերիքնազ Տիգրանյանի խոսքով` պետական բարձրաստիճան պաշտոնյաները որևէ կերպ չդատապարտեցին ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հետ կապված օֆշորային գործարքները:
«Վարչապետը շնորհակալություն հայտնեց ԴԱՀԿ նախկին պետին, բայց որևէ կերպ չանդրադարձավ օֆշորային սկանդալին` տարանջատելով պաշտոնյայի գործառույթները բիզնես մարդու գործառույթից: Գուցե նա իսկապես շատ լավ ղեկավարում էր ծառայությունը, և դրա համար վարչապետն անդրադարձավ, բայց հանրությունը սպասում էր, որ դրան կհաջորդի պետական պաշտանաատար անձանց կոչը, որ ձեռնպահ մնան բիզնես գործունեությունից կամ օֆշորային գործարքներից, քանի որ այդ կերպ ստվեր են գցում պետության վրա»,- ընդգծեց բանախոսը:
Անդրադառնալով վարչապետի երեկվա հայտարարությանը` ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց. «Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը՝ մենաշնորհների դեմ պայքարի մասով, կարևոր է, բայց պետք է ասվի, թե մինչև հիմա ի՞նչ վնաս է հասցվել պետությանը և ինչպե՞ս փոխել իրավիճակը: Կան ապրանքային շուկաներ, որտեղ գերիշխում են մի քանի սուբյեկտներ: Բացի այդ` պետք է ժամանակային ինտերվալ սահմանվի, որ մի քանի ամսի ընթացքում մի քանի մենաշնորհի հարց լուծվի»:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն էլ, անդրադառնալով վարչապետի` բարձրաստիճան պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու մասին հայտարարությանը, ասաց, որ կառավարություն է ներկայացվել բարձրաստիճան անձանց հայտարարագրերի վերաբերյալ նախագիծ, համաձայն որի` հայտարարագիր չներկայացնելու, կեղծ հայտարարագրեր ներկայացնելու կամ թաքցնելու համար վարչական և քրեական պատասխանատվություն է նախատեսվում: