Աբրահամ-Շտիգլից մենամարտը` այսօր /ֆոտո/
Այսօր` մարտի 23-ին, Մագդեբուրգում (Գերմանիա), կկայանա բռնցքամարտիկ, WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ նախկին տիտղոսակիր Ռոբերտ Շտիգլիցի ռեւանշ-մենամարտը:
Մագդեբուրգում կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը կշռում է 76.2 կգ, Ռոբերտ Շտիգլիցը` 76 կգ:
Հիշեցնենք, որ 2012թ. օգոստոսի 25-ին Բեռլինում Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ (116-112, 116-112, 115-113): Իսկ 2012թ. դեկտեմբերի 15-ին Նյուրնբերգում կայացած մենամարտում 32-ամյա Աբրահամը տիտղոսը պաշտպանեց` պարտության մատնելով ֆրանսիացի Մեհդի Բուադլային:
Աբրահամ-Շտիգլից մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (Երեւանի ժամանակով սկսվելու է մարտի 24-ի գիշերը` ժամը 1.30):
Արթուր Աբրահամը ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երեւանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 39 մենամարտ, որոնցից 36-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 5 տարի (2006, 2007, 2008, 2009, 2012) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ:
Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի “Անդրանիկ Օզանյան” շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): 2011 թվականի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է 1-ին աստիճանի մեդալով “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար): 2013 թվականի հունվարի 9-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Արթուր Աբրահամին պարգեւատրել է Սփյուռքի նախարարության “Պողոս Նուբար” մեդալով: