Տարոն Մարգարյանը` վաստակավորներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի վաստակավոր մարզիչ սպորտսմենների հետ, ովքեր այս տարի նշում են իրենց ծննդյան 70-ամյա հոբելյանը: Ողջունելով հյուրերին`քաղաքապետը նախ շնորհավորել է նրանց ծննդյան առթիվ ու մաղթել քաջառողջություն և բարեկեցություն:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Տարոն Մարգարյանը նաև շնորհակալություն է հայտնել վաստակաշատ մարզիչներին՝ հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման ու նվիրումի համար:
«Համոզված եմ, որ ձեր օրինակով մայրաքաղաքում էլ ավելի կշատանա առողջ ապրելակերպով ապրող, սպորտով զբաղվող մեր համաքաղաքացիների թիվը, ովքեր կշարունակեն տարբեր հարթակներում բարձր պահել Հայաստանի պատիվը: Այդ հարցում, անշուշտ, շատ կարևոր ու գնահատելի է նաև ձեր անձնական ներդրումը, հատկապես հաշվի առնելով, որ տարիներ շարունակ Համահայկական խաղերի շրջանակում Երևանի թիմը մշտապես գերազանց արդյունք է գրանցում:
Շնորհակալ ենք այն մեծ ավանդի համար, որ ներդրել և այսօր էլ շարունակում եք ներդնել հայկական սպորտի զարգացման գործում, այդ թվում նաև մշտապես բարձր պահելով մայրաքաղաք Երևանի պատիվը»,- նշել է քաղաքապետը:
Հանդիպման շրջանակում ծննդյան 70-ամյակի առթիվ, հայկական սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, ֆուտբոլի ասպարեզում ունեցած հաջողությունների և մարզական նվաճումերի համար «Արարատ 73» ֆուտբոլային թիմի անդամ, հանրաճանաչ ֆուտբոլիստ Նորայր Մեսրոպյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
ՀՀ վաստակավոր մարզիչներ Խաչիկ Ասմարյանը, Ռոբերտ Զաքարյանը, Նիկոլայ Նիկողոսյանը, Ավետիք Խաչատրյանն ու Զաուրի Սարգսյանն էլ հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած ծառայությունների համար, ծննդյան 70- ամյակի առթիվ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար` վաստակաշատ մարզիչները վստահեցրել են, որ կշարունակեն իրենց փորձն ու գիտելիքները փոխանցել մատաղ սերնդին, ովքեր հայկական սպորտի լավագույն ավանդույթների շարունակողն են: