28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՄԱԿ-ն ընդունեց Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը

2013 թվականի մարտի 22-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնությամբ առաջադրված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը (“Prevention of genocide”):

Հայաստանը մշտապես ՄԱԿ-ի շրջանակներում հանդես է եկել ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ նախաձեռնություններով, ներկայացնելով բանաձևերի նախագծեր: Այդ նախաձեռնությունների արդյունքում Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից 1998 թվականին ընդունվել են “Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի 50-ամյակին նվիրված”, 1999 և 2001 թթ.` “Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին” բանաձևերը:

2008 թվականին Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունվել է “Ցեղասպանության կանխարգելման մասին” բանաձևը: Նշված բոլոր բանաձևերն ընդունվել են կոնսենսուսով` վայելելով անդամ պետությունների լայն աջակցությունը:

 

Հայաստանի կողմից առաջարկվող բանաձևերը նպատակ ունեին համաշխարհային հասարակության մշտական ուշադրության կենտրոնում պահել “Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին” կոնվենցիան, դրան առնչվող այլ փաստաթղթերը և դրանց կիրառման հետ կապված խնդիրները` նպատակ ունենալով ընդգծել ցեղասպանության հանցագործության վերացմանն ուղղված` պետությունների համատեղ ջանքերի անհրաժեշտությունը:

 

Բանաձևի նախագծի նախապատրաստման ընթացքում ՀՀ պատվիրակությունն անցկացրել է բազմաթիվ երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներ, որոնց արդյունքում հաջողվեց հասնել կոնսենսուսային տեքստի շուրջ համաձայնության:

 

Այսօր ընդունված բանաձևի տեքստում արտացոլվում են այն բոլոր հիմնական զարգացումները, որոնք տեղի են ունեցել աշխարհում ցեղասպանության կանխարգելման համատեքստում՝ նախորդ՝ 2008 թվականի բանաձեւի ընդունումից ի վեր: Բանաձեւում առաջին անգամ անդրադարձ է կատարվում ցեղասպանության կանխարգելման հարցում ճշմարտության իրավունքի վերաբերյալ զարգացումներին` կարևորելով ճշմարտության խրախուսումը ցեղասպանության կանխարգելման առումով և քաջալերելով պետություններին համագործակցել ճշմարտության, արդարադատության, վերականգնման և չկրկնման երաշխիքների խթանման հարցերով հատուկ զեկուցողի հետ: Բանաձևում վերահաստատվում է Համընդհանուր պարբերական դիտարկման մեխանիզմների կարևորությունը` հրավիրելով պետություններին իրենց ազգային զեկույցներում ներկայացնելու տեղեկատվություն ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին: Հատուկ ուշադրություն է դարձվում ցեղասպանության կանխարգելման գործում կրթության, մասնավորապես կանխարգելիչ նշանակություն ունեցող կրթական ծրագրերի և նախագծերի իրականացմանը, կառավարությունների և ՄԱԿ-ի համապատասխան գրասենյակների կողմից տեխնիկական աջակցությանը:

 

Որպես կանխարգելիչ միջոցառում բանաձևը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրների կառավարություններին սահմանել անցյալում կատարված ցեղասպանությունների զոհերի հիշատակի ազգային օրեր` որպեսզի նման սոսկալի հանցագործությունները երբեք չմոռացվեն:

 

Բանաձևի ընդունումը նաև խորհրդանշական է այն առումով, որ այս տարի լրանում է ցեղասպանության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի 65-ամյակը: Ընդունված բանաձևի համաձայն 2014 թ. ՄԻԽ 25-րդ նստաշրջանի ընթացքում կազմակերպվելու է բարձրաստիճան քննարկում` պետությունների, ՄԱԿ համապատասխան կառույցների և այլ շահագրգիռ մարմինների մասնակցությամբ:

 

ՄԱԿ-ի Ժնեևյան գրասենյակում ՀՀ ներկայացուցիչն իր ելույթում նշեց. “Ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն անցյալում կատարված ցեղասպանությունների զոհերի հիշատակի հարգանքի տուրք է և չկրկնման երաշխիք: Բանաձևը մեր բոլորի ընդհանուր ներդրումն է այդ նպատակին հասնելու համար և անցյալից քաղած դասերի հիման վրա անվտանգ ապագա կառուցելու մեր կոլեկտիվ հանձնառության ապացույցը:

Չի կարող լինել ցեղասպանության զոհ մեկ ժողովուրդ, ազգ կամ խումբ` եթե կատարվում է ցեղասպանություն, ապա մենք բոլորս ենք զոհ, քանի որ դա մարդկության դեմ կատարված հանցագործություն է: Այնպես ինչպես չի կարող լինել ցեղասպանության համար մեղավոր կամ պատասխանատու մի կառավարություն կամ որևէ մեկ անձ, մենք բոլորս ենք կիսում պատասխանատվությունը` կանխելու պատասխանատվությունը, պաշտպանելու պատասխանատվությունը”:

 

Բանաձևը լայն աջակցություն ստացավ, դրան համահեղինակեցին ՄԻԽ բոլոր տարածաշրջանային խմբերը ներկայացնող 54[1] պետություն: Բանաձևը համահեղինակելու համար բաց կմնա դեռևս երկու շաբաթ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ