Լայնամասշտաբ պատերազմը քիչ հավանական է
Չեմ կարծում, որ այս փուլում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը հավանական է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա նշել է, որ ճանաչում չի լինի, քանի որ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վերսկսելու հավանականություն կա։
«Համանախագահները ձգտում են, որ բանակցությունները վերսկսվեն, Հայաստանը պատրաստ է: Ադրբեջանի վերադարձն էլ բանակցային սեղան հնարավոր է, թեև բարդ է: Նրանք էլ հասկանում են, որ անընդհատ ռազմական գործողությունների դիմելը դժվար թե լուրջ արդյունքի հասցնի»,- ասել է քաղաքագետը՝ նշելով, որ այս պահին էլ այդ ուղղությամբ որոշ քաղաքական գործընթացներ գնում են՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն է գալիս, համանախագահներն են կողմերի հետ հանդիպում եւ այլն։
Քաղաքագետը նշել է նաեւ, որ Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ պատերազմ սկսելը քիչ հավանական է։ Ըստ նրա՝ եթե Ադրբեջանը պատրաստ լիներ լայնամասշտաբ պատերազմի, ապա ապրիլյան ռազմական գործողությունները չէր դադարեցնի: