Ճանապարհաշինարարի կինը թեւերը պարզած օգնություն է խնդրում /ֆոտո/
Դեռեւս անցյալ տարի երգչուհի Էմմին օվկիանոսից այն կողմ իր ձայնը բարձրացրեց եւ բաց նամակով դիմեց Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին, որպեսզի վերջինս փրկի իր հոր՝ Դավիթ Բեջանյանի կողմից դեռեւս անցյալ դարի 70-ականներին ստեղծված «Անվերջության ժապավեն»՝ ճանապարհաշինարարներին նվիրված հուշարձանը, որի մասունքներն այսօր պահպանվում են Երևան-Սևան մայրուղու 60-րդ կմ-ի վրա:
Բաց նամակը հրապարակվելուց մեկ ժամ անց մարզպետ Գուլոյանը արձագանքեց եւ հանդիպման հրավիրեց քանդակագործ Բեջանյանի այրուն՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին քանդակագործ Դ. Բեջանյանի հեղինակած «Անվերջության ժապավեն» հուշարձանի վերականգնման հետ կապված մի շարք խնդիրներ: Ն. Սարգսյանի կողմից ներկայացվել էին որոշակի առաջարկություններ՝ հուշարձանը քանդակագործ Դավիթ Բեջանյանի էսքիզներով վերականգնելու համար, որից հետո Գուլոյանը մարզպետարանի համապատասխան վարչությանը հանձնարարել էր հանգամանորեն վերլուծել առաջարկությունները և ներկայացնել համապատասխան եզրակացություններ Կոտայքի մարզում տեղադրված «Անվերջության ժապավեն» հուշարձանի վերականգնման հնարավորությունների վերաբերյալ:
Օրեր առաջ Henaran.am-ը արձանագրել էր, որ վերոհիշյալ հուշարձանը, նախորդ տարվա համեմատ, ավելի անմխիթար վիճակում. մի քանի կիլոգրամ մետաղի դիմաց վճարվող դրամի գայթակղությանը չդիմանալով` տարել էին հուշարձանի վերջին հատվածները:
Այս առիթով զրուցեցինք քանդակագործի կնոջ` Նադեժդա Սարգսյանի հետ:
«Ես, այս խնդրի հետ կապված, տարիներ շարունակ ում դիմում էի, մնում էի անարձագանք, միակ արձագանքողը եղավ պարոն Գուլոյանը, եւ նրա հանձնարարականով արդեն իսկ խումբ է աշխատում. նրանք աշխատելու են Դավիթի վերջին էսքիզի հիման վրա: Առայժմ Լեւոն Իգիթյանն է աշխատում, որպեսզի հասկանա, թե ինչ նյութերով կարող են վերականգնել արձանի նախկին տեսքը»,- մեզ հետ զրույցում ասաց Ն. Սարգսյանը՝ հիշեցնելով, որ, իհարկե, դա հեշտ գործ չէ. թալանելը ավելի հեշտ է, քան վերականգնելը: Մեր զրուցակիցը նշեց, որ հավատում է` ի վերջո, հուշարձանը կվերականգնվի:
«Եթե հուշարձանները պատրաստվել եւ տեղադրվել են խորհրդային տարիներին, դա չի նշանակում, որ անուշադրության պիտի մատնվեն: Նախ` կա մշակույթի նախարարություն, կա Հուշարձանների պահպանության կոմիտե, որոնք շատ դեպքերում շատ հուշարձաններ անուշադրության են մատնում` բառի բուն իմաստով: Այսօր խոսում են այլ երկրներում մեր արժեքների ոչնչացման մասին, իսկ ինչո՞ւ չեն հետեւում երկրի ներսում գոյություն ունեցող հուշարձան-արժեքներին, անհասկանալի է: Այսօր ես եւ իմ դուստրն ենք արձագանքում` Դավիթի գործերի հետ կապված, իսկ այն հուշարձանները, որոնց հեղինակների ընտանիքների անդամները երկրում չեն կամ ինչ-ինչ պատճառներով տեղյակ չեն, այդ հուշարձանների ճակատագի՞րն ինչ պետք է լինի: Մենք պետք է յուրաքանչյուր հուշարձան պահենք ու պահպանենք եւ դրանք փոխանցենք մեր սերունդներին, կապ չունի, թե դրանք ինչ հասարակարգում են ստեղծվել»,- ասաց երգչուհին:
Հիշեցնենք, որ «Անվերջության ժապավեն» հուշարձանը գտնվում է Ալափարս գյուղի վարչական տարածքում, սակայն այն միայն 2011 թվականից է հանձնվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պահպանությանը:
Իսկ մինչ այդ արդեն մեկ տասնամյակ է վերոհիշյալ հուշարձանը ենթարկվում է ոտնձգությունների, եւ անգամ տարիներ առաջ վանդալիզմի դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, մեղավորը հայտնաբերվեց, իսկ թե ինչ եղավ մեղավորի ճակատագիրը եւ ինչ պատժի ենթարկվեց վերջինս հայտնի չէ:
Փաստն այն է, որ «Անվերջության ժապավեն»-ից մնացել է միայն ժապավենը, իսկ անվերջություն հիշեցնող միակ դետալը՝ ճանապարհաշինարարի կինն է, ով թեւերը պարզած օգնություն է խնդրում: