Փոքրիկ շանտաժ
‹‹Ընհանուր առմամբ՝ Տեր-Պետրոսյանը Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ ռացիոնալ մետեցում ունի, – անդրադառնալով ԼՂ կարգավիճակի շուրջ առաջին նախագահի դիրքորոշումներին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը,-եթե ՀՀ-ն ճանաչի Արցախի անկախությունը, հնարավոր է՝ մի շարք պետություններ հետևեն Հայաստանի քայլին, բայց այդ քայլին գնալուց առաջ հարկավոր է հաշվարկել՝ արդյո՞ք տվյալ ժամանակահատվածում այդ որոշումը չի վնասի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:
‹‹Այս պահին Մինսկի խմբի համանախագահ երկրները դրական արձագանք չեն տվել այն գաղափարին, որ ՀՀ-ն ճանաչի Արցախի անկախությունը: ՀՀ-ն էլ պնդում է՝ պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը, եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները: Հիմա, կարծում եմ՝ պաշտոնական Երևանը շանտաժ է անում դրսին՝ միջազգային հանրությանն ու Ադրբեջանին››:
Նարեկ Գալստյանն ընդգծեց՝ դե ֆակտո Հայաստանն ու Արցախը միավորված են՝ ունեն նույն տնտեսական համակարգը, նույն արժույթը, նույն քաղաքացիությունը: Ստացվում է՝ Արցախի ճանաչումից հետո հաջորդ քայլը կարող է լինել հայկական երկու պետությունների միավորումը:
‹‹Դե ֆակտո Արցախը Հայաստանի մաս է կազմում: Մեր երկրի իշխանությունները ակնկալում են, որ այս ‹‹շանտաժի›› միջոցով կկարողանան հասնել նրան, որ միջազգային հանրությունը սաստի Ադրբեջանին: Հետագայում եթե Արցախի անկախությունը ճանաչվի, այդ երկիրը Հայաստանին միավորելն ավելի հեշտ կլինի: Այսինքն՝ անկախ պետությունն ինքը իր ներսում հանրաքվե կանցկացնի ու կորոշվի՝ ուզու՞մ է միանալ ՀՀ-ին››: