ԼՂ ԱԺ-ն նոր ՄԻՊ ընտրեց
ԼՂՀ Ազգային ժողովը ձայների 27 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան ընտրեց Ռուբեն Մելիքյանին: Հիշեցնենք, օրերս Արցախի մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել:
Ռուբեն Մելիքյանը ծնվել է 1982 թվականին Երևանում:
Գերազանցությամբ ավարտել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցը, ապա ուսումնառությունը շարունակել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում (բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա):
2008 թվականի վեցամսյա ուսում է ստացել Թաֆթսի համալսարանում՝ իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցում (Թավիտյան հիմնադրամի ծրագիր):
2003 թվականից դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, դոցենտ:
2006 թվականին ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2010 թվականին՝ դոցենտի գիտական կոչում:
2007-2012 թթվականներին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ նախ, որպես դատավորի խորհրդական, ապա՝ որպես Դատարանի նախագահի խորհրդական:
2012 թ. հունվարի 18-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ:
2013 թ. նոյեմբերի 15-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Անկուսակցական է: