Ադրբեջանում հայկական եկեղեցին ներկայացվում է որպես աղվանական
Ադրբեջանի Շեքի (Նուխի) քաղաքից դեպի հյուսիս Քիշ գյուղում գտնվող 4 դարի հայկական եկեղեցին այդտեղ այցելող զբոսաշրջիկներին ներկայացվում է որպես աղվանական: Քիշ անվանունն առաջացել է ադրբեջաներեն «քեշիշ»` տերտեր բառից:
Արմենպրես-ի փոխանցմամբ , ոչ մեծ չափերի` մատուռ հիշեցնող եկեղեցին որոշ տվյալներով համարվում է 1-4-րդ դարերի: Այն համարվում է տարածաշրջանի ամենահին եկեղեցին: Եկեղեցին չի ավերվել միայն այն պատճառով, որ այդ գյուղում բնակվում են անցյալ դարասկզբին հայկական ջարդերի ժամանակ հավատափոխ եղած հայերի հետնորդները:
Մինչ խորհրդայնացումը Քիշ գյուղում բնակվել են միայն հայեր: Նուխիում այսօր եւս դեռ կանգուն են հայկական երեք եկեղեցիները, որոնցից մեկը գտնվում է հայկական գերեզմանոցում: Սակայն, այսօրվա «տոլերանտ» հայատյաց Ադրբեջանում բոլոր հայկական եկեղեցիների նման այդ եկեղեցին եւս արտասահմանցիներին ներկայացվում են որպես աղվանական:
Հետաքրքիր է, որ գյուղի ներկայիս բնակիչները, որոնց մեջ քիչ չեն հավատափոխ հայերի սերունդները, այցելում են եկեղեցի, պահպանում այն որպես Աստծո տուն, նշում, որ այցելում են եկեղեցի որպես սուրբ վայր եւ երկյուղածությամբ` մտքում պահած ինչ-որ բարի ցանկություն` հավատալով, որ այն անպայման կկատարվի:
Եկեղեցին վերանորոգվել է Նորվեգիայի ֆինանսական օգնությամբ: Ցավոք վերանորոգման ժամանակ ադրբեջանցիները տաշել եւ վերացրել են եկեղեցու գմբեթի շուրջը դուրս ցցված քարերով հայերեն գրությունը: Այն ներկայում ծառայում է որպես թանգարան: