Սիրուշոն եւ “Դորիանսը”
Ապրիլի 6-ին` ժամը 19:00-ին, Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում Սիրուշոն և Dorians ռոք խումբը հանդես կգան համատեղ համերգով: Այս անակնկալ նախաձեռնությամբ Սիրուշոն և Dorians-ն առաջին անգամ են միասին ներկայանում իրենց երկրպագուներին և հանրությանը:
“Միասին մեկ բեմում” համերգային ծրագրում համադրվում են ռոք և փոփ ոճերի, ինչպես նաև ազգային մեղեդիների ռիթմերը: Համերգը կուղեկցվի պարային և լուսային շոու ծրագրով: Արտիստները հանդես կգան իրենց ծրագրերով: Սիրուշոն ու Dorians-ը այս համերգով Հայաստանի երաժշտասերներին ոճերի համադրությամբ նոր մոտեցում են ներկայացնում:
Սիրուշոն բազմաթիվ ալբոմների հեղինակ է, ելույթ է ունեցել հայաստանյան և միջազգային բեմերում: Նա կներկայացնի ինչպես իր հին ու սիրված, այնպես էլ նոր ստեղծագործությունները՝ գեղեցիկ ու յուրահատուկ շոուի ուղեկցությամբ:
2008 թվականին Հայաստանում կազմավորված Dorians ռոք խումբը մի քանի տարում կարողացել է մեծ հեղինակություն ձեռք բերել: Խմբի համար սա ևս մեկ առիթ է հայրենիքում երկրպագուներին բարձրարվեստ երաժշտություն ներկայացնել:
Արտիստների միջև ստեղծագործական համագործակցության նկատմամբ արդեն մեծ հետաքրքրություն կա: Համերգի նախապատրաստման մասին YouTube-ում տեղադրված անակնկալ տեսահոլովակը արձանագրել է ավելի քան 18 000 դիտում 5 օրվա ընթացքում: