Պիոներական ճամբա՞ր է, ի՞նչ է … բոշայություն
Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանի համար վիրավորական է ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը: Նա կարծում է, որ Հայաստանի ուշադրությունը հիմա պետք է աշխարհաքաղաքական իրադարձությունների վրա սևեռվի, այլ ոչ ներքաղաքական :
՛՛Ես համարում եմ, որ Սերժ Սարգսյանը հաղթել է: Ուրիշ ոչ մեկի կարծիքն ինձ չի հետաքրքրում, ես վեճ չունեմ, ո՞ւմ հետ վիճեմ:
Այդ շարժումը թամաշա է ու մայմունություն, որովհետև երկրի ճակատագիրը թամաշայի չի կարելի վերածել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իգիթյանը:
Հարցին, թե չի՞ հավատում, որ ընտրակեղծիքներ են եղել, ավագանու անդամն արձագանքեց. ՛՛Նման բան եղել է, մենք մեզ գիտենք՝ սուրբ չենք եղել, բայց ես ոչ մի անգամ չեմ տեսել՛՛:
Իգիթյանը նշեց, որ ինքը մտերիմ է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, սակայն նրա մեջ չի տեսնում այն հատկանիշները, որ թույլ կտային ղեկավարել երկիրը:
՛՛Ես հիմքեր չունեմ նրա մեջ այն հատկությունները տեսնելու, որը պետք է նրա համար, որ ենթադրենք թուրքի կամ Ալիևի հետ բանակցություններ վարի՛՛: Սերժ Սարգսյանն ունի՞ այդ հատկությունները, պատասխանց, թե փաստերից ելնելով, կարող է ասել, որ ունի:
Ինչ վերաբերում է նրան, որ քաղաքապետարանը թույլ չի տալիս Ազատության հրապարակում վրան տեղադրել, քանի որ ՛՛Ազատության՛՛ հրապարակը համարվում է պատմամշակութային արժեք: Իգիթյանը նշեց, որ արժեք է ոչ թե հենց ասֆալտը, այլ այնտեղի աուրան: ՛՛Պիոներական ճամբա՞ր է, ի՞նչ է, ես բոշայություն եմ համարում քաղաքի կենտրոնում վրան տեղադրել, ով էր խնդրել իրեն հացադուլ անել՛՛:
Henaran.am-ի հարցին, թե ինչո՞ւ Անդրիաս Ղուկասյանին թույլատրեցին վրան տեղադրել ԳԱԱ-ի դիմաց, Իգիթյանը պատասխանեց`” դրան էլ էի դեմ”: