Շոու-բիզի խնդմնդոցը. ընտրել ես` քաշի բեռները ծանր…
Երգչուհի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի դեմ սկսված քննադատությունների ալիքը շարունակվում է: Հեռուստաեթերում պատգամավոր-երգչուհու արտահայտությունը, թե անազնիվ է, երբ մարդիկ մի կուսակցությունից կամ քաղաքական գործչից կաշառք են վերցնում, գնում և ընտրում են մյուսին, երգչուհու վրա թանկ նստեց:
Երբեմն օբյեկտիվության դիրքերից, ավելի հաճախ դիմացինին մրոտելով սեփական եսը կայացնելու մոլուցքը “յուղոտ” պատառ համտեսեց. արժող-չարժող առիթը բաց չթողեց ու սկսվեց …
”Շուշան, դու անսահման սիրված ես, քեզ և քո երգը սիրում է նաև հայ զինվորը, մեր սահմանների ամուր լինելու մեջ դու էլ ունես քո համեստ, բայց կարևոր լուման”,-կոլեգային ուշացած, բայց պահեցին ՀՀԿ-ականները:
Զարմանալին այստեղ ոչ այնքան Շուշանի վրա թափված “հեղափոխական” լուտանքն է, որը սովորական է դարձել հատկապես սոցցանցերում, որքան շոու-բիզնեսի քար լռությունը, որ ամբողջ այս ընթացքում պահպանվեց աստղերի կողմից. ոչ մի բառ, ոչ մի կարծիք կոլեգայի համար:
Henaran.am-ի հետ զրույցում երգչուհի Ալլա Լևոնյանն ասաց, որ ինքն այդ մասին չի ցանկանում խոսել:
”Ես այդ հարցով չեմ ուզում խոսել: Ես այդ ոլորտում չեմ, որ պաշտպանեմ,: Եթե երաժշտության մասին խոսք լինի ու ասեն, որ ինքը վատ է երգում, ես կպաշտպանեմ, ո՞ւմից պաշտպանեմ, ի՞նչ պաշտպանեմ, ինքը խելացի մարդ է, ինքն է ընտրել այդ ճանապարհը, պաշտպանելու կարիք չունեմ, կարծում եմ”,-ասաց Լևոնյանը:
Դիտարկմանը, թե երբ երգչուհի Նունե Եսայանին սկսեցին մեղադրել Թուրքիա գնալու և հայտնի հարցազրույցի համար, սատարեցին ու կանգնեցին նրա կողքին, Ալլան արձագանքեց.
”Ես չեմ խառնվում ընդհանրապես: Ոչ, բոլորը չկանգնեցին: Ամեն մեկն իր կարծիքն ուներ, ամեն մարդ իր խելքն ունի և եթե որոշել է, որ այդ գործն անի, ուրեմն ինքն էլ պատասխանատու է իր արածի համար: Իրեն հո չեն սպանում, որ պաշտպանենք: Ինքը բավական խելացի, պատրաստված կին է”:
Հ. Գ. Որքան էլ քաղաքականությունն ու շոու բիզնեսը տարբեր ոլորտներ լինեն, ընդհանուր տրամաբանություն բոլոր ոլորտներում կա. կան մարդկային և գործընկերային փոխհարաբերություններ, որոնք գոնե ձեւի համար հանուն “մարդը մարդուն գայլ չէ”-ին հավատալու պետք է կյանքի կոչվեն: Երբեմն ինքնաներշնչանքը դրական ազդեցություն է թողնում: