Ադրբեջանի զինուժի նախահարձակ գործողության արդյունքում զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊԲ
Չնայած ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում ապրիլի 5-ի ժամը 12:00-ի դրությամբ կողմերի միջեւ ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածության, հակառակորդը պարբերաբար շարունակում է իր սադրիչ գործողություններով ապակայունացնել իրավիճակը, որոնք հաճախ բերում են մահվան ելքով դեպքերի:
ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ այսօր՝ ժամը 06:30-ի սահմաններում, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 32-ամյա Մարատ Ռաֆայելի Դանիելյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ առաջնային գծում տիրող իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,-ասված է հաղորդագրության մեջ: