15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սա երկրորդ անգամ չտրվող հնարավորություն է

Ապրիլ ամսվա սկզբին տեղի ունեցածը, որ քաղաքական առումով կարելի է բնորոշել իբրև «չհայտարարված պատերազմ», իմ համոզմամբ նաև ինչ-որ տեղ անսպասելի «քննություն» էր ամենքիս համար։ Եւ չնայած այն հանգամանքին, որ դեռ ոչինչ ավարտված չէ ու վերջնականապես հստակեցված, այնուամենայնիվ, համեմատաբար խաղաղ այս ընթացքում, մենք պարտավոր ենք (էի՞նք) անհապաղ կերպով իմի բերել բոլոր իրադարձությունների արդյունքները, հասկանալու համար նաև մեր ունեցած բացթողումներն ու թերացումները։

Վերջին իրադարձությունները մեզ հստակ կերպով ցույց տվեցին, որ միջպետական քաղաքական դաշտում շահն ու օգուտը գերադասված են բարեկամությունից ու եղբայրությունից։ Հետևաբար, արտաքին ուժերի հետ հույսեր կապելու փոխարեն մենք պիտի կարողանանք մոբիլիզացնել և կենտրոնացված կերպով ուղղորդել ողջ հայության ներուժը և հույսը դնել միայն ու միայն ինքներս մեզ վրա։

Անհրաժեշտ է համալրել մեր բանակի զինանոցը արդիական, գեր-ժամանակակից սարքավորումներով ու ռազմական տեխնիկայով։ Բոլորին է քաջ հայտնի, որ ազգերի միջև տեղի ունեցող պատերազմները, այլ ազգերի համար վաղուց վերածվել են առևտրական մեծ հարթակների։ Եւ ուրեմն հստակ է՝ ֆինանսական առումով ևս պետք է առավել զորեղ դարձնել մեր բանակը։ Իսկ այս անելու համար անհրաժեշտ է լինել ծայրաստիճան արդար ու շիտակ, լինել պահանջկոտ սեփական անձի հանդեպ, հայրենիքի շահը վեր դասել անձնական շահից, «մենք»-ը գերադասել «ես»-ից։
Մեր ժողովուրդը դժվարությունների ու նեղությունների պահին սովոր է կուռ բռունցք դառնալ, միայն թե անհրաժեշտ է, որ արդարացվեն այդ ժողովրդի սպասումները։

Ազգային-հոգևոր այն արթնությունը, որ մենք տեսնում ենք այս օրերին, երկրորդ անգամ չտրվող հնարավորություն է մեզանում արմատացած շատ ու շատ արատներ արմատախիլ անելու համար։ Ընդհանուր առմամբ, անցնող օրերին, քննություն ենք տվել ամենքս և ամենքս էլ պարտավոր ենք հաշվետու լինել ինքներս մեր հանդեպ և արձանագրել հաջողություններն ու ձախողումները, հետագային՝ ձախողումները՝ չկրկնելու, իսկ հաջողումները՝ մեկին 30, 60 կամ 100 բազմապատկելու համար։

Մարկոս քահանա Մանգասարյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ